ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԳՈՐԾԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Գոհարյանը, Աղվան Մկրտչյանը եւ Ռոբերտ Զեբելյանը իրենց ակումբների կազմում գոլերի հեղինակ են դարձել:
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց մերձմոսկովյան «Խիմկին»: Այս անգամ Ռոման Բերեզովսկու թիմը 3:1 հաշվով առավելության հասավ իր հիմնական մրցակիցներից մեկի` «Լուչ Էներգիայի» նկատմամբ: «Խիմկին» 23 միավորով ամրապնդվեց 14-րդ հորիզոնականում, որը թույլ է տալիս պահպանել տեղը Պրեմիեր լիգայում:
Փոխարինողների մրցաշարում շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Հովհաննես Գոհարյանը: Հայ հարձակվողը Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում 2 գոլ է խփել «Ամկարի» դարպասը: Երկաթուղայինները հաղթել են 3:0 հաշվով, իսկ Գոհարյանը 21 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Ամկարի» հետ խաղում Գոհարյանը փոխարինվեց ընդմիջմանը, քանի որ առաջին կեսում հարված էր ստացել գլխին եւ բժիշկները թույլ տվեցին նրան շարունակել խաղը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, ով հանդես է գալիս Կալինինգրադի «Բալթիկայում»: Զեբելյանը աչքի է ընկել ՍԿԱ-ի հետ արտագնա մրցավեճում, որը ավարտվել է 1:1 հաշվով:
Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրջ» սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց` 0:2 հաշվով զիջելով Խարկովի «Մետալիստին»: Հայաստանի հավաքականի խաղացողներ Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը խաղադաշտ դուրս չեկան: Առաքելյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն Կոստովը նախընտրեց այլ ֆուտբոլիստների ծառայություններից օգտվել, իսկ Մելքոնյանը ընդհանրապես հայտավորված չէր, քանի որ մասնակցել էր «Մետալուրգի» երիտասարդական թիմի մրցավեճին: Այդ խաղում «Մետալուրգը» 1:2 հաշվով զիջել էր «Մետալիստին»: Սամվելի փոխանցումից հետո էլ տանտերերը խփել են իրենց միակ գնդակը:
Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Տիմիշոարան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ չեմպիոն «Կլուժի» նկատմամբ: Արման Քարամյանը կրկին դուրս չեկավ խաղադաշտ, իսկ ահա Արտավազդ Քարամյանը բավական հաջող հանդես եկավ եւ լավագույններից մեկն էր խաղադաշտում:
Շվեդիայի առաջնության 27-րդ տուրում ԳԱԻՍ-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Օրեբրո» թիմին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ԳԱԻՍ-ի կազմում մասնակցել է ողջ հանդիպմանը: Պաչաջյանի թիմը 35 միավորով ընթանում է 11-րդ տեղում:
Դանիայի առաջնության 11-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» 2:2 հաշվով է ավարտել «Օլբորգի» հետ մրցավեճը: Արզումանյանը կրկին դուրս չի եկել խաղադաշտ: Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը արդեն մեկ ամիս է Դանիայի առաջնության որեւէ հանդիպման չի մասնակցել:
Բելառուսի առաջնության 28-րդ տուրում «Գոմելի» կազմում գոլի հեղինակ է դարձել Աղվան Մկրտչյանը: Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել Մինսկի «Լոկոմոտիվի» հետ խաղում եւ նրա գոլի շնորհիվ «Գոմելը» հաղթել է 1:0 հաշվով: