ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԽԱԽՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի 2008թ. գավաթակիր դարձավ Երեւանի «Էրեբունին», որը եզրափակիչում 5:3 հաշվով առավելության հասավ «Թալ Գրիգի» նկատմամբ:
Հանդիպումը կայացավ «Միկայի» մարզադահլիճում, որը վերանորոգումից հետո հիանալի պայմաններ էր ստեղծել ֆուտզալի համար: Նախկինում Հայաստանի լավագույն մարզադահլիճը համարվող «Դինամոյում» արդեն մի քանի տարի է արգելվել է ֆուտզալ խաղալը եւ Հայաստանում մարզադահլիճի հարցը լուրջ խնդիր էր դարձել այս մարզաձեւի ներկայացուցիչների համար: Հանրապետությունում չկար միջազգային ստանդարտներին համապատասխանող որեւէ դահլիճ, եւ այդ բաց լրացրեց «Միկան», որտեղ էլ մրցեցին եզրափակիչի մասնակիցները: Գավաթի ընթացիկ խաղարկությունում այս թիմերը բավական հաջող են հանդես գալիս եւ նրանց եզրափակիչում հայտնվելը միանգամայն տրամաբանական էր:
Հայաստանում ֆուտզալի գավաթը խաղարկվում է 6-րդ անգամ: Նախորդ հինգ խաղարկություններում հաղթողներին առնչություն է ունեցել «Թալ Գրիգի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Որպես ֆուտբոլիստ Նազարեթյանը 3 անգամ «Հայքի» կազմում է դարձել գավաթակիր, իսկ որպես մարզիչ 2 անգամ «Թալ Գրիգի» հետ է նվաճել Հայաստանի գավաթը:
Բայց այս անգամ հաջողության հասան «Էրեբունիի» խաղացողները, որոնք առավելության հասան 5:3 հաշվով: «Էրբունին», համալրված լինելով մի շարք փորձառու խաղացողներով, առաջին կեսում ձեռք բերեց առավելություն, որը կարողացավ պահպանել նաեւ 2-րդ կեսում եւ առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Հայաստանի գավաթը: Իսկ «Թալ Գրիգը» ներկայումս համալրված է հիմնականում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներով եւ հենց փորձի պակասն էլ թույլ չտվեց Ռուբեն Նազարեթյանի թիմին հաջողության հասնել նաեւ 2008թ. խաղարկությունում: