«ՓՅՈՒՆԻԿԻ» ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրը: Կայացան 3 հանդիպումներ, որոնցից կենտրոնականը «Միկա» - «Գանձասար» մրցավեճն էր:
Այս խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1:1: «Միկան» եւ «Գանձասարը» 42-ական միավորով շարունակում են ընթանալ 3-4-րդ տեղերում:
Առաջատար «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակին»: Առաջին կեսից հետո գյումրեցիները հաղթում էին 1:0 հաշվով, սակայն 2-րդ կեսում «Փյունիկին» հաջողվեց փոխել խաղի ընթացքը: 52-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ հանդիպման վերջին րոպեին Ալբերտ Թադեւոսյանը հաղթանակ պարգեւեց «Փյունիկին»: Այս կամային հաղթանակից հետո չեմպիոնը 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող «Արարատը» վաղը կհյուրընկալվի «Բանանցին»:
Եւս մեկ հանդիպում կայացավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Կիլիկիան» եւ «Ուլիսը»: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն անցկացրեց իր 2-որդ հանդիպումը Իսպանիայում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին այս անգամ մրցեց տանտերերի` իսպանացիների հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականը 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: 2-րդ տուրից հետո վաստակած 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իսպանացիները: 2-րդ տեղում ընթանում է Անգլիայի հավաքականը (4 միավոր), Հայաստանը` 3-րդն է (1 միավոր), իսկ եզրափակում են մրցաշարային աղյուսակը էստոնացիները, որոնք միավորներ դեռ չեն վաստակել:
Վերջին` 3-րդ տուրում, Հայաստանը կմրցի Էստոնիայի, իսկ Իսպանիան` Անգլիայի հետ: Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: