Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՏՈՒՂՆԵՐԸ ՔԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթը վաղը` հոկտեմբերի 25-ին, կվիճարկեն Երեւանը ներկայացնող 2 թիմեր` «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին»: Գավաթի ընթացիկ խաղարկությունում այս թիմերը բավական հաջող են հանդես գալիս եւ նրանց եզրափակիչում հայտնվելը միանգամայն տրամաբանական էր:

Հայաստանում ֆուտզալի գավաթը խաղարկվում է 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղարկություններում հաղթողներին առնչություն է ունեցել «Թալ Գրիգի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Որպես ֆուտբոլիստ Նազարեթյանը 3 անգամ «Հայքի» կազմում է դարձել գավաթակիր, իսկ որպես մարզիչ 2 անգամ «Թալ Գրիգի» հետ է նվաճել Հայաստանի գավաթը:

«Վաղուց «Թալ Գրիգը» մեծ հաջողությունների չի հասել եւ մենք մարտականորեն են տրամադրված վաղվա եզրափակիչին: Ցանկանում ենք վերջապես լուրջ ձեռք բերում ունենալ ներկայիս կազմով», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Նազարեթյանը, որը նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է:

Նազարեթյանի կարծիքով եզրափակիչում ֆավորիտներ չեն լինում. «Սա ֆուտզալ է, որը ինչպես եւ ֆուտբոլը անկանխատեսելի մարզաձեւ է: Եզրափակիչում երբեք պատահական թիմեր չեն լինում: «Էրեբունին» լուրջ հակառակորդ է, եւ դրա ապացույցը թիմի անցած ուղին է: Գավաթի ընթացիկ խաղարկությունում մենք արդեն հանդիպել ենք «Էրեբունիին», եւ հանդիպումը ավարտվել է 3:3 հաշվով: Դա շատ գեղեցիկ հանդիպում էր`խմբային մրցաշարը լավագույն խաղը»:

«Թալ Գրիգում» ընդգրկված են մեծ թվով երիտասարդներ, որոնք, ըստ Նազարեթյանի, լի են վճռականությամբ արդյունքի հասնելու համար. «Մեծ ծավալի աշխատանք է կատարվել երիտասարդ այս թիմի հետ: Մենք ունենք նաեւ փորձառու խաղացողներ, որոնց կողքին աճել են երիտասարդները: Եկել է պտուղները քաղելու ժամանակը»: