Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԻ» ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի նախորդ 2 առաջնություններում Երեւանի «Բանանցը» նվաճել էր արծաթե մեդալներ, սակայն ընթացիկ առաջնությունում թիմը ընթանում է 5-րդ հորիզոնականում եւ արդեն կորցրել է արծաթե մեդալներ նվաճելու հնարավորությունը:

Դեռ ավելին, «Բանանցը» կարող է զրկվել նաեւ լավագույն եռյակում լինելու հնարավորությունից, եթե կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, չկարողանա առավելության հասնել «Արարատի» նկատմամբ:

«Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Այն, որ «Արարատը» 2-րդ տեղում է ընթանում, իսկ մենք` 5-րդ, դա ոչինչի չի նշանակում: Կհաղթի նա, ով տվյալ պահին լավ վիճակում է եւ ավելի լավ է տրամադրված խաղին», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բանանցի» 20- ամյա կիսապաշտպան Արամ Բարեղամյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողի կարծիքով` սա «Բանանցի» մեդալների համար պայքարը շարունակելու վերջին հնարավորություն է. «Մեր ակումբը միշտ բարձր տեղեր համար է պայքարել: «Բանանցին» 3-րդ տեղը սազական չէ, սակայն այս մրցաշրջանում ստիպված են պայքարել այդ տեղի համար: Գիտակցում ենք, որ սա վերջին հնարավորություն է եւ եթե միավորներ կորցնենք, ապա գործնականում կկորցնենք լավագույն եռյակ մտնելու հնարավորությունը»:

Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցը» եւ «Արարատը» արդեն հանդիպել են 4 անգամ: Սա թիմերի 5-րդ մրցավեճն է: Նախորդ հանդիպումներից միայն մեկում է «Բանանցին» հաջողվել հաղթել: Խոսքը 7-րդ տուրի «Բանանց» - «Արարատ» խաղ մասին է, որում փոխչեմպիոն առավելության հասավ 3:0 հաշվով, իսկ Արամ Բարեղամյանը դարձավ գոլերից մեկի հեղինակը.

«Տպավորիչ հաղթանակ տոնեցինք: Թերեւս դա «Բանանցի» լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում, սակայն դա արդեն պատմության գիրկն է անցել եւ մենք մտածում ենք առաջիկա հանդիպման մասին: «Արարատի» հետ հանդիպումները միշտ էլ հետաքրքիր պայքարում են անցնում»:

Վերջերս «Բանանցը» գլխավորել է «Փյունիկի» նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդայանցը: Ըստ Բարեղամյանի` նոր մարզչի գլխավորությամբ «Բանանցը» կկարողանա լավ արդյունքի հասնել: Խոսելով ընթացիկ առաջնության մասին Արամ Բարեղամյանը ընդգծեց, որ առաջընթաց չի արձանագրվել. «Եթե համեմաքենք նախորդ առաջնության հետ, ապա այս առաջնության մակարդակը մի փոքր ցածր է: Փոխարենը մրցակությունն է բավական սուր թե չեմպիոնության համար, թե բրոնզե մեդալների: Հուսանք, որ հաջորդ մրցաշրջանում ավելի բարձր մակարդակի առաջնություն կունենանք: Դրա նախադրյալները կան, քանի որ մի շարք պատանի ֆուտբոլիստներ արդեն աճել են եւ պատրաստ են բարձրագույն խմբի թիմերում ասելու իրենց խոսքը»: