Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 8-րդ անգամ է մասնակցում ընտրական մրցաշարի, սակայն դեռ երբեք հայ ֆուտբոլիստները այսքան անհաջող չէին մեկնարկել, որքան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: 4 խաղ, 4 պարտություն, բաց թողած 12 գոլ: Նման արդյունքով աչքի են ընկնում Եվրոպայի հետամնաց ֆուտբոլային երկրները:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտում, ինչպես եւ Հայաստանը, միավորներ չեն վաստակել միայն Անդորրայի, Մալթայի եւ Սան Մարինոյի հավաքականները, որոնք երբեք չեն դասվել նույնիսկ միջին մակարդակի հավաքականների շարքին: Սրանք կիսապրոֆեսիոնալ, փոստատարներով եւ հրշեջներով համալրված հավաքականներ են, որոնց համար 1-2 գնդակի տարբերությամբ պարտվելը հավասարազոր է խոշոր հաշվով հաղթանակի:

Եվրոպայի 53 անդամ երկրներից մնած 49-ը կարողացել են միավորներ վաստակել, գոլեր խփել: Հիշեցնենք, որ 4 հանդիպումներից հետո 0 միավոր Հայաստանը ուներ նաեւ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն գնդակների 1:11 տարբերությամբ, ուստի Յան Պոուլսենին հաջողվեց բարելավել Բեռնար Կազոնիի նախկին «ռեկորդը»:

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ

Ամեն դեպքում պետք է ընդգծել, որ ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի հավաքականը անցկացրել է իր ամենաբարդ հանդիպումները: Թուրքիային սեպտեմբերի 6-ին Երեւանում 0:2 հաշվով պարտվելուց հետո հայ ֆուտբոլիստները իրար հետեւից միանգամից 3 ծանր հանդիպում անցկացրեցին մրցելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի, Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների հետ: Հետագայում Հայաստանին անհամեմատ հեշտ հանդիպումներ են սպասվում եւ 5-րդ խմբում վերջին հորիզոնականից խուսափելը անլուծելի խնդիր չէ, թեեւ Էստոնիայի հավաքականը, որը Հայաստանի հետ միասին այս խմբի ետնապահներից էր, սեփական հարկի տակ 0:0 հաշվով ավարտելով Թուրքիայի հետ հանդիպումը, ցույց տվեց, որ չի պատրաստվում միավորներ բաժանողի դերում լինել: Հենց էստոնացիներն էլ կլինեն Հայաստանի հիմնական մրցակիցը ընթացիկ փուլում: Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ 2 հանդիպումներն էլ կկայանան 2009թ. գարնանը: