Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՁԱԽՈՂՎԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը քիչ առաջ Զենիցայում 1:4 հաշվով պարտվեց Բոսնիայի հավաքականին:

Բոսնիայի հավաքականն արդեն խաղասկզբում մի քանի անգամ կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ մեծ դժվարությամբ կարողացավ դիմակայել: Առաջին գոլային պահը հայ ֆուտբոլիստները ստեղծեցին 27-րդ րոպեին, երբ նպաստավոր դիրքում հայտնված Արման Քարամյանի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահը: 31-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչից օգտվելով Սպահիչը անմիջապես գրավեց դարպասը: 8 րոպե անց անհաջող խաղաց արդեն Սամվել Մելքոնյանը, որի արդյունքում Էդին Ձեկոն գլխի հարվածով 2-րդ գնդակը ուղարկեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

Ընդմիջմանը Բոսնիայի կազմում խաղադաշտ դուրս եկավ Զլատան Մուսլիմովիչը, որը 55-րդ րոպեին մեկ-մենակ դուրս գալով Բերեզովսկու դեմ 3-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը: 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց գոլ խփել: Աչքի ընկավ փոխարինման մտած Վահագն Մինասյանը: Վերջինս խփած գնդակը առաջինն էր Հայաստանի հավաքականի համար ընտրական ընթացիկ փուլում: 89-րդ րոպեին Զլատան Մուսլիմովիչը գլխի դիպուկ հարվածով վերականգնեց 3 գնդակի տարբերությունը: Բոսնիան հաղթեց 4:1 հաշվով` իր միավորների քանակը հասցնելով 6-ի: Իսկ Հայաստանի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 4 հանդիպումներում հայ ֆուտբոլիստները նույնքան պարտություն են կրել գնդակների 1:12 տարբերությամբ:

Մյուս ընտրական խմբերում այս պահի դրությամբ ավարտվել են հետեւյալ հանդիպումները.

1-ին խումբ

Մալթա - Հունգարիա 0:1

2-րդ խումբ

Լատվիա - Իսրայել 1:1

Լյուքսեմբուրգ - Մոլդովա 0:0

Հունաստան - Շվեյցարիա 1:2

3 – րդ խումբ

Չեխիա - Սլովենիա 1:0

Սլովակիա - Լեհաստան 2:1

4-րդ խումբ

Ռուսաստան - Ֆինլանդիա 3:0

5-րդ խումբ

Բոսնիա - ՀԱՅԱՍՏԱՆ 4:1

Էստոնիա - Թուրքիա 0:0

6-րդ խումբ

Խորվաթիա - Անդորրա 4:0

Բելառուս - Անգլիա 1:3

7-րդ խումբ

Լիտվա - Ֆարերներ 1:0

Ավստրիա - Սերբիա 1:3

8-րդ խումբ

Վրաստան - Բուլղարիա 0:0

9-րդ խումբ

Նորվեգիա - Հոլանդիա 0:1

Իսլանդիա - Մակեդոնիա 1:0