ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը հայտարարել է, որ հիմնական դարպասապահ Կենան Հասաջիչը չի կարող մասնակցել Հայաստանի հավաքականի դեմ այսօր կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցավեճին:
28-ամյա դարպասապահը, որը հանդես է գալիս թուրքական «Բելեդիյեսպոր» թիմում, վնասվածք է ստացել հոկտեմբերի 11-ին կայացած Թուրքիա - Բոսնիա (2:1) ընտրական մրցավեճում: Թեեւ բոսնիացիները հույս ունեին, որ Հասաջիչը կվերականգնվի մինչեւ հոկտեմբերի 15-ը, սակայն դարպասապահը ստիպված կլինի բաց թողնել այսօր կայանալիք հանդիպումը:
Նրա փոխարեն Բոսնիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս կգա 35-ամյա Գորան Բրասնիչը: Վերջինս հանդես է գալիս խորվաթական «Ինտերում» եւ Բոսնիայի հավաքականի կազմում անցկացրել է 9-ը հանդիպում: Որպես փոխարինող դարպասապահ` Բլաժեւիչը հրավիրել է «Զենիցայում» հանդես եկող Բոյան Տրիպիչին:
Բլաժեւիչը խոսելով Հայաստանի հավաքականի հանդիպման մասին` նշել է, որ իրեն կգոհացնի միայն հաղթանակը. «Մենք պայքարում ենք բարձր տեղերի համար եւ եթե ցանկանում են լավ արդյունքի հասնել ընտրական փուլում, ապա պետք է հաղթենք Հայաստանին»: Բլաժեւիչը ընդգծել է, որ Բոսնիայի հավաքականը սեփական հարկի տակ շատ հաջող է հանդես գալիս. «Սեփական հարկի տակ հանդիպումները մեր գլխավոր առավելությունն են: Սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում հաղթանակը երաշխավորված է»:
Բլաժեւիչը նաեւ ընդգծել է, որ կողմերը ծանոթ չեն միմյանց. «Հայաստանի հավաքականին ծանոթ ենք միայն տեսագրություններով, սակայն մեր մրցակցի իրական ուժը կերեւա միայն խաղադաշտում»: