ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՉՎԵՐԹՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հունաստան են մեկնում շախմատի Հայաստանի առաջատար ակումբները, որոնք վաղվանից կսկսեն պայքարը Եվրոպայի 2008թ. ակումբային առաջնությունում: Տղամարդկանց պայքարում հանդես կգան «Միկան», «Բանկային Արքան» եւ ՖԻՄԱն, իսկ կանանց պայքարում «Միկայի» կանանց թիմը:
Սպասելիքները բավական մեծ են «Միկայի» տղամարդկանց թիմից, որի կազմում են ընդգրկված Լեւոն Արոնյանը, Մագնուս Կառլսենը, Գաբրիել Սարգսյանը, Բորիս Գելֆանդը, Բաադուր Ջոբավան, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: «Մեկնում են հատուկ չվերթով, քանի որ այս օրերին Երեւանից - Աթենք չվերթ չկար: Հունաստանում մեզ կմիանան նաեւ հիմնական կազմի այլ խաղացողներ: Կառլսենը ժամանելու է Օսլոյից, Արոնյանը` Բեռլինից, Գելֆանդը` Իսրայելից», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկայի» տնօրեն Աշոտ Վարդապետյանը` ավելացնելով, որ բոլոր հայկական թիմերն էլ միասին են մեկնում Հունաստան:
Վարդապետյանի կարծիքով` տղամարդկանց պայքարում չեմպիոնության համար կպայքարեն «Միկան», ռուսական «Ուրալը», բոսնիական «Բոսնան» եւ գերմանական «Բադեն-Բադենը»: Այս 4 թիմերը իրենց վարկանիշով զգալիորեն գերազանցում են մյուս մասնակիցներին: «Ուրալը» մրցաշարի թիվ 1 ակումբն է: Ռուսաստանի չեմպիոնի կազմում են հանդես գալիս միանգամից 4 գրոսմայստերներ, որոնց վարկանիշը գերազանցում է 2700-ը (Թեմուր Ռաջաբով, Ալեքսեյ Շիրով, Գատա Կամսկի, Ալեքսանդր Գրիշչուկ): Վարկանիշով 2-րդ տեղում է «Միկան», իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բոսնան», որի կազմում է հանդես գալու Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: «Բոսնայի» առաջատարը ռուս հայտնի գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչն է:
«Շատ բան կախված կլինի նաեւ վիճակահանությունից, քանի որ մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Առաջնությունը ընդամենը 7 տուրից է բաղկացած: Ցանկացած վրիպում կարող է ստեղծել իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ետ բերել կորցրածը: Չի բացառվում, որ մրցանակակիրները այդպես էլ իրար հետ չհանդիպեն», - նշեց Աշոտ Վարդապետյանը, որը նաեւ «Միկայի» ավագի պարտականություններն է կատարելու առաջիկա առաջնությունում: