Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԲԱԼԿԱՆՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առաջին անգամ իր պատմության ընթացքում կհանդիպի Բոսնիայի ազգային հավաքականին: Համառոտ ծանոթանանք մեր ընտրանու առաջիկա մրցակցին:

Ինչպես եւ Հայաստանը, Բոսնիայի հավաքականը բավական կարճ պատմություն ունի: Բոսնիացիներն առաջին անգամ պաշտոնական հանդիպումներ անցկացրել են 1998թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Դանիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Սլովենիայի հավաքականների հետ միասին ընդգրկված լինելով ընտրական 1-ին խմբում, բոսնիացիներն անմիջապես ցույց են տվել, որ կարող ուժ են, իսկ 1997թ. օգոստոսին Սարեւոյում 3:0 հաշվով ջախջախելով խմբի բացահայտ առաջատար Դանիայի հավաքականին` մեծ անակնկալ մատուցեցին ֆուտբոլային Եվրոպային:

Սակայն Բոսնիայի հավաքականին առայժմ չի հաջողվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել: Այս հավաքականը խիստ անկանխատեսելի մրցակից է: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Բոսնիան սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի նկատմամբ, սեփական հարկի տակ հաջորդ խաղում 0:1 հաշվով պարտվեց Մոլդովային:

2008թ. հունվարին Բոսնիայի հավաքականը գլխավորեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մեխո Կոդրոն, որը հանդես է եկել նաեւ Հարավսլավիայի եւ Բոսնիայի հավաքականներում: Ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Մեխոն մայիսին հեռացավ, որից հետո Սարաեւոյում սկսվեցին բողոքի ակցիաներ ի պաշտպանություն Կոդրոյի: Կրքերը մարեցին, երբ հուլիսի 10-ին ազգային հավաքականի ղեկը ստանձնեց 73-ամյա Միրոսլավ Բլաժեւիչը:

40 տարվա մարզչական փորձ ունեցող այս մասնագետը նախքան այս 2 տարի աշխատում էր Զագրեբի «Դինամո»-ում: Ազգությամբ բոսնիացի մարզչին հայրենիքում վաղուց էին սպասում, սակայն Բլաժեւիչը նախընտրում էր աշխատել եվրոպական այլ երկրներում: Հավաքականների մակարդակով փորձը եւս մեծ է: Ժամանակին փորձառու մարզիչը աշխատել է Իրանի, Շվեյցարիայի եւ Խորվաթիայի հավաքականներում: Ամենամեծ հաջողության հասել է խորվաթների հետ, որոնք Բլաժեւիչի գլխավորությամբ նախ դուրս եկան «Եվրո-96»-ի եզրափակիչ փուլ, իսկ 1998թ. աշխարհի առաջնությունում բոլորի համար անսպասելիորեն դարձան բրոնզե մեդալակիր:

Բոսնիայի ներկայիս հավաքականում հանդես են գալիս բացառապես լեգեոներ ֆուտբոլիստներ: Կոնկրետ Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը Բլաժեւիչը հրավիրել է 19 խաղացողների:

Բոսնիայի հավաքականի խաղացողները հանդես են գալիս եվրոպական հայտնի թիմերում: Հայաստանի մրցակցի առաջատարը Զվեդան Միսիմովիչն է, որը հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգում»: Մյունխենում ծնված 26-ամյա խաղացողը Մյունխենի «Բավարիայի» մարզադպրոցի սան է: 2007-08թթ. մրցաշրջանում Միսիմովիչը անցկացրեց «Նյուրնբերգում», որի կազմում 24 հանդիպում անցկացրեց եւ 10 գնդակ խփեց Բունդեսլիգայի մասնակիցների դարպասը:

Ամռանը տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», որտեղ է հանդես գալիս նաեւ Էդին Ձեկոն: 22-ամյա ֆուտբոլիստը 2004-07թթ. հաջողությամբ հանդես եկավ չեխական «Տեպլիցեի» կազմում, որտեղից էլ հայտնվեց «Վոլֆսբուրգում»: Ընդհանրապես Բունդեսլիգայում հանդես գալով բոսնիացիների թիվը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է եւ պատահական, չէ, որ հրավիրված 19 խաղացողներից 7-ը գերմանական հայտնի թիմերից են: