Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները գտնում են, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բոլոր հնարավորությունները ունի վաղը Բոսնիայի Զենիցա քաղաքում կրելու իր 4-րդ անընդմեջ պարտությունը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Հայաստանը մրցելու է Բոսնիայի հավաքականի հետ, որը ընտրական 5-րդ խմբում 3 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ Հայաստանը առանց միավորի 5-րդ տեղում է: Թեեւ մրցակիցները մրցաշարային աղյուսակում հարեւաններ են, սակայն բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում բոսնիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 1.35 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակը 8.00 է: «Ոչ-ոքի»-ի վրա խաղադրույք է ընդունվում 4.50 գործակցով: Այն, որ Հայաստանը չի պարտվի, բուքմեյքերները սահմանել են 3.00 գործակից, իսկ բոսնիացիների չպարտվելը գնահատվել է ընդամենը 1.05 գործակցով:

Բուքմեյքերները խիստ անհավանական են համարում, որ Հայաստանի հավաքականին չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը, որի համար սահմանվել է 7.60 գործակից, իսկ այն որ Բոսնիային կհաջողվի գոլ խփել գնահատվել է 1.06 գործակցով: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում առայժմ գոլ չի խփել, իսկ այս խաղում գոլ խփելու եւ չխփելու հավանականությունը, ըստ բուքմեյքերների` գրեթե հավասար է` համապատասխանաբար 1.80 եւ 1.90:

Ամենահավանականը համարվում է Բոսնիայի հաղթանակը` 1:0 եւ 2:0 հաշիվներով: 2 դեպքում էլ խաղադրույք է ընդունվում 6.00 գործակցով: Իսկ ահա Հայաստանի հաղթանակը 2:0 հաշվով խիստ անհավանական եւ սահմանվել է 45.00 գործակից: 0:0 հաշիվը բուքմեյքերները գնահատել են 11.00 գործակից:

Ի դեպ, վաղը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականը ընտրական հանդիպում է անցկացնելու Շվեդիայի հետ: Վերջինիս հաղթանակի գործակիցը կազմել է 1.01, իսկ Հայաստանինը` 29.00: «Ոչ-ոքի»-ի համար խաղադրույք է ընդունվում 11.00 գործակցով: