ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵՑ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այլեւս չի գլխավորի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), իսկ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում չի աշխատի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Տարին դեռեւս չի ավարտվել, սակայն ՀՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը արդեն իսկ սկսել են ամփոփել այս տարի կատարված աշխատանքները եւ այդ նպատակով, այսօր ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի դահլիճ էին հրավիրել Հայաստանում գործող ֆեդերացիաների ղեկավարները, հավաքական թիմերի մարզիչները: Բնականաբար ֆեդերացիաներին գնահատական տրվում էր հատկապես «Օլիմպիադա-2008»-ում ունեցած ելույթների շնորհիվ:
Գագիկ Ծառուկյանը գոհ էր միայն ծանրամարտի ֆեդերացիայից, իսկ ահա մյուս մարզաձեւերում արմատական փոփոխությունների կարիք է զգում: Ծառուկյանը 10 օր ժամանակ տվեց ֆեդերացիաների ներկայացուցիներին, այդ փոփոխությունների մասին առաջարկներով ներկայանալու համար, սակայն արդեն այսօր հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը այլեւս չի աշխատելու որպես ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար: Հրաժարական է տվել նաեւ ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում չի լինի նաեւ Հայկ Հարությունյանը: Իսկ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պաշտոնանկ է արվել տարիքի պատճառով: Փորձառու մարզիչը արդեն 70-անց է:
Գագիկ Ծառուկյանը դժգոհ էր նաեւ մի շարք մարզադպրոցներից. «Եթե մարզադպրոցը 4 տարի շարունակ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում գոնե 1 բրոնզե մեդալ չի նվաճել, ապա տնօրենը պետք է փոխվի: Համաձայն չե՞ք»: Դահլիճից արձագանք եղավ, որ երեխաները լավ չեն սնվում, ինչի պատճառով էլ մեդալ չունեն: Սակայն դա համոզիչ չէր Ծառուկյանի համար. «Երիտասարդ, հեքիաթ պատմելու ժամանակը չէ»: Ինչպես հետագայում պարզվեց, «հեքիաթ» պատմողը 1992թ. օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանն էր:
Մինչ այդ ելույթ ունեցավ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ ամռային օլիմպիական խաղերում նվաճված 6 մեդալները մեծ առաջընթաց էին նախորդ խաղերի համեմատ. «Սակայն եղել են նաեւ բացթողումներ, որոնք ճիշտ չվերլուծելու եւ այդ ուղղությամբ չաշխատելու դեպքում, հաջորդ խաղերում հաջողության հասնելը շատ դժվար կլինի»:
Արմեն Գրիգորյանը դժգոհեց մի շարք մարզադպրոցներից եւ ֆեդերացիաներից, նշելով, որ նրանք սխալ են կազմակերպում աշխատանքը եւ մեծ ծավալի աշխատանք ունեն կատարելու: Նախարարը ընդգծեց, որ այսօր պետությունը լուրջ միջոցներ է տրամադրում միայն ծանրամարտին, բռնցքամարտին, հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերին եւ ձյուդոյին, ուստի մյուս ֆեդերացիաների նկատմամբ մեծ հաշվով պահանջներ չէին կարող լինել: Թեեւ Արմեն Գրիգորյանի տվյալներով կան ֆեդերացիաների ղեկավարներ, որոնք տարիներով չեն մասնակցում նախագահության նիստերին: Արմեն Գրիգորյանը վիճակագրական տվյալների շնորհիվ ներկաներին ապացուցեց, որ բացառությամբ ծանրամարտի, մյուս մարզաձեւերում նվաճած մեդալների քանակում նահանջ է նկատվում: