Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՐ

Սպորտ

Բեյրութում ավարտվել է քաղաքի շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը: Հայ շախմատիստը բացահայտ առավելություն է ունեցել: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր Քոթանջյանը դարձել է մրցաշարի հաղթող:

Մրցաշարին մասնակցել են նաեւ մի շարք այլ հայ շախմատիստներ, որոնք սակայն ներկայացրել են Լիբանանը: Մասնավորապես Քնարիկ Մուրադյանը վաստակել է 6 միավոր, Ռազմիկ եւ Ժիրայր Օկնայանները վաստակել են 5-ական միավոր: Իսկ Շվեյցարիայում ավարտված միջազգային մրցաշարում 3-5-րդ տեղերում է հանգրվանել միջազգային վարպետ Սեւակ Մխիթարյանը: Վերջինս 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մխիթարյանը 1 միավորով է զիջել 1-2-հորիզոնականները զբաղեցրած Հոուելին (Անգլիա) եւ Բախմանին (Պարագվայ): Մրցաշարին մասնակցել են 54 շախմատիստներ: Սեւակը վերջին տարիներին ներկայացնում է Բրազիլիան:

Իսկ փորձառու Ռաֆայել Վահանյանը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում նոյեմբերի 7-8-ը կմասնակցի արագ շախմատի աշխարհի առաջնությանը, որին կմասնակցեն 16 հայտնի գրոսմայստերներ: Մասնակիցների թվում կլինեն նաեւ ռուսաստանցիներ Մորոզեւիչը, Ռուբլեւսկին, Սվիդլերը եւ Գրիշչուկը, ուկրաինացի Իվանչուկը, ադրբեջանցի Ռաջաբովը, իսրայելացի Գելֆանդը, հունգարացի Պոլգարը, Ֆրանսիան ներկայացնող Տկաչեւը, կուբացի Պերեսը, ղազախստանցի Խաջգալեւը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 280.000 շվեյցարական ֆրանկ, որից 64 հազարը կստանա մրցաշարի հաղթողը: