Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում այսօր կայացան եւս 2 հանդիպումներ: Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում «Ուլիսը» հյուրընկալել էր չեմպիոն «Փյունիկին», որը հանդիպմանը մոտեցել էր առաջնությունում 7 անընդմեջ հաղթանակներից հետո:

Հաղթարշավը շարունակել առաջատարին չհաջողվեց, թեեւ առաջին կեսում Նարեկ Դավթյանին հաջողվեց առաջ մղել «Փյունիկին»: «Ուլիսին» փրկեց Արտյոմ Ադամյանը, որը 71-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից հետո ասաց հետեւյալը. «Առաջին կեսում մենք ավելի հաջող գործեցինք եւ առավելությունը մեր կողմն էր: Խփած գոլից հետո էլ գրագետ գործողություններով էինք աչքի ընկնում: Միգուցե մեր տղաները ժամանակից շուտ հավատացին հաղթանակին եւ 2-րդ կեսում լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեցին: Եթե առաջին կեսում առավելությունը մեր կողմն էր, ապա 2-րդում ավելի հաջող հանդես եկավ «Ուլսիը»»:

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում «Կիլիկիան» ընդունել էր «Արարատին»: Այս խաղում գրանցվեց խոշոր հաշիվ. 5:1 հաշվով առավելության հասավ «Արարատը», որի կազմում 2 անգամ աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը: Հաղթելով այս խաղում «Արարատը» ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»: Վերջինս 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 46 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Եւս մեկ հանդիպում կկայանա վաղը: «Հրազդան» մարզադաշտում «Բանանցը» կհյուրընկալի «Գանձասարին»: