Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՍԿԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ, «ՄԻԿԱՆ»` ՀԱՂԹԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացավ մեկ հանդիպում: Գյումրիում տեղի «Շիրակը» 22-րդ տուրի շրջանակներում 0:1 հաշվով զիջեց «Միկային», որի կազմում 31-րդ րոպեին աչքի ընկավ Արամ Ոսկանյանը: Վերջինս Ղազախստանից վերադառնալով Հայաստան անմիջապես հայտավորվել էր «Միկայի» կազմում:

Հանդիպման ավարտից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, որի գլխավորությամբ թիմը իր 3-րդ հանդիպումն էր անցկացնում ընթացիկ առաջնությունում եւ առաջին հաղթանակը տոնեց, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ գոհ է թե արդյունքից, թե իր սաների ցուցադրած խաղից. «Նախորդ տուրում, երբ մենք մրցում էինք «Բանանցի» հետ, ես հանդիպումից հետո ասացի, որ հոգեբանական արգելքը թիմը արդեն հաղթահարել է, եւ այժմ պետք է աշխատենք բարձրացնել խաղամակարդակը:

«Շիրակի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ իրոք այսօր մեր թիմը հոգեբանորեն բարձր պատրաստվածության վրա է, իսկ խաղամակարդակի վրա շարունակում են աշխատել: Այս խաղում գոլը ծնվեց շատ գեղեցիկ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում, որը դիպուկ հարվածով եզրափակեց երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստան վերադարձած Արամ Ոսկանյանը»:

Սուրեն Բարսեղյանը նշեց, որ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի խոտածածկի որակը բավական ցածր էր. «Խոտածածկը թույլ չտվեց մրցող թիմերին ցույց տալ իրենց ողջ կարողությունները, սակայն պայքարի տեսանկյունից, 2 թիմերն էլ անմնացորդ նվիրումով էին հանդես գալիս»: Հաղթելով այս խաղում «Միկա» 38 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, սակայն 22-րդ տուրի մյուս հանդիպումները կայանալու են հանգստյան օրերին: Մասնավորապես «Գանձասարը» կիրակի օրը հյուրընկալվելու է «Բանանցին» եւ հաղթանակի դեպքում կշրջանցի «Միկային»: