Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԸ ԾԱԽՎԱ՞Ծ ԷՐ, ԹԵ` ՈՉ

Սպորտ

Ֆուտբոլային Եվրոպայի ներկայիս թիվ 1 թեման «Զենիթ» - «Բավարիա» հանդիպման սկանդալային բացահայտումներն են, որոնք արել են իսպանական «Էլ Պաիս» եւ «ABC» թերթերը: Այս կապացությամբ շարունակում են հնչել բազմաթիվ մեկնաբանություններ:

Համաձայն իսպանական մամուլի հրապարակումների` ռուսական մաֆիան 50 մլն եվրո է վճարել «Բավարիային», որպեսզի գերմանական ակումբը ՈՒԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկության կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվի «Զենիթին»: Թերթերը, որպես տեղեկատվության աղբյուր, նշում են Իսպանիայի ոստիկանությանը, որը ըստ վերը նշված ԶԼՄ-ների` իր տրամադրության տակ ունի տամբովյան մաֆիայի պարագլուխների խոսակցության ձայնագրությունը, որում բանդայի անդամ Գենադի Պետրովը մեկ այլ անդամի խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել «Զենիթի» վրա, քանի որ հանդիպումը ավարտվելու 4:0 հաշվով:

Այսօր Իսպանիայի ոստիկանությունը հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ իր տրամադրության տակ ոչ մի նյութեր չկան «Զենիթի» խաղ գնելու վերաբերյալ: Իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ոստիկանությունը, նշելով, որ այս գործի մասին որեւէ ապացույց չի ստացվել, մինչդեռ թերթերի հավաստմամբ` գործը քննում են Իսպանիայի եւ Գերմանիայի դատախազությունները:

Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ, «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը եւ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկուն «Զենիթի» խաղը գնելու տեղեկությունները անհեթեթություն են անվանել: «Դա պարզապես հիմարություն է, որին շատերը լուրջ են վերաբերվում:

Ընդհանրապես արդեն ավանդույթ է դառնում, երբ ռուսական ֆուտբոլի ամեն հաջողությունից հետո նման լուրեր են տարածվում», - ասել է Նիկիտա Սիմոնյանը, ավելացնելով, որ Ռուսաստան – Հոլանդիա (3:1) «Եվրո-2008»-ի քառորդ եզրափակիչի հանդիպումից հետո եւս շատերը խոսում էին խաղը գնելու մասին:

Իսկ Վիտալի Մուտկոն նշել է, որ սա հարված է ոչ միայն «Զենիթին», այլեւ «Բավարիային». «Ինձ համար տարօրինակ է, որ այս գործում շոշափվում է «Բավարիայի» պես թիմի անունը: Ես այսքան տարի ֆուտբոլում եմ եւ մոտավորապես գիտեմ պայմանավորված հանդիպումների մեխանիզմը: Ինձ համար միշտ էլ զարմանալի է, թե ինչպես կարելի է վաճառել հանդիպում: Ինձ թվում է դա թիմի համար մահացու կարող է լինել: Պատկերացրեք, նստած են «Բավարիայի» 11 խաղացողներ եւ ինչ-որ մեկը ներս մտնելով ասում է. «Այսօր մենք պետք է տանք խաղը: Դա պատկերացնել անգամ դժվար է… «Բավարիայում» են հավաքված աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ»:

Իսկ «Բավարիայի» հարձակվող Միրոսլավ Քլոզեն հայտարարել է, որ «ծախված հանդիպման» մասին տեղեկատվությունը զգալիորեն բարձրացրել է իր եւ թիմակիցների տրամադրությունը: «Երբ ես պետք է գրավեի «Զենիթի» դարպասը, իմ աչքերի առջեւ հայտնվեցին դոլարի սիմվոլները`$$$», - զվարճացել է Քլոզեն: Գերմանացի հարձակվողը լրջանալով այնուամենայնիվ հերքել է պայմանավորված խաղի մասին լուրը.«Հանդիպումից առաջ ես ոչ մի գումար չեմ ստացել եւ այդ առաջարկին ոչ մի դեպքում չէի համաձայնվի»: