Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՀԱՆՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում նոյեմբերի 7-8-ը կկայանա արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 16 հայտնի գրոսմայստերներ: Հայաստանը առաջնությունում կներկայացնի Ռաֆայել Վահանյանը: Փորձառու գրոսմայստերի մրցակիցները կլինեն ռուսաստանցիների Մորոզեւիչը, Ռուբլեւսկին, Սվիդլերը եւ Գրիշչուկը, ուկրաինացի Իվանչուկը, ադրբեջանցի Ռաջաբովը, իսրայելացի Գելֆանդը, հունգարացի Պոլգարը, Ֆրանսիան ներկայացնող Տկաչեւը, կուբացի Պերեսը, ղազախստանցի Խաջգալեւը: Եւս չորս մասնակիցների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 280.000 շվեյցարական ֆրանկ, որից 64 հազարը կստանա մրցաշարի հաղթողը:

Իսկ մինչ այդ, Ռաֆայել Վահանյանը Երեւանի «Բանկային Արքա» թիմի կազմում կմասնակցի հոկտեմբերի 15-ին Հունաստանում մեկնարող Եվրոպայի ակումբային առաջնությանը, որին կմասնակցեն նաեւ «Միկան» եւ ՖԻՄԱ-ն: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 62 ակումբներ: Ֆավորիտներ են համարվում Ռուսաստանի չեմպիոն «Ուրալը» եւ Երեւանի «Միկան»: «Ուրալի» կազմում են ընդգրկված հայտնի գրոսմայստերներ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Կատա Կամսկին (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Մալախովը, Ալեքսեյ Դրեեւը, Ալեքսանդր Մոտիլեւը, ինչպես նաեւ Նուխիմ Ռաշկովսկին (բոլորն էլ Ռուսաստան):

Իսկ «Միկայում» հանդես կգան Լեւոն Արոնյանը, Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գաբրիել Սարգսյանը, Բաադուր Ջոբավան (Վրաստան), Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը: Բավական ուժեղ կազմ է հավաքագրել նաեւ Սարաեւի «Բոսնա» թիմը, որտեղ հանդես կգա Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: