«ՊԵՏՔ Է ԻՐԱՏԵՍ ԵՎ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵՆՔ»
Աջակցիր «Ա1+»-ին«Բարի լույս», - արդեն հայերեն է ողջունում հայ լրագրողներին Հայաստանի հավաքականի դանիացի մասնագետ Յան Պոուլսենը, որը շուրջ 9 ամիս է` աշխատում է Երեւանում: Դանիացի մարզիչը այսօր մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում խոսեց Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների, ինչպես նաեւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի մասին:
Հոկետմբերի 11-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Բելգիայի հավաքականին, իսկ 4 օր անց` Բոսնիային: 2010թ. աշխարհի առաջնության ընտրական այս հանդիպումներին Պոուլսենը մտադիր է հնարավորություն տալ նաեւ երիտասարդներին. «Հրավիրված չեն Ռոմիկ Խաչատրյանը եւ Կարեն Դոխոյանը: Ես նրանց հետ կզրուցեմ եւ կասեմ, որ տարիքի հետ միասին կորցրել են իրենց նախկին արագությունը: Հավաքականում են նաեւ եւս 2 ֆուտբոլիստներ, որոնք եւս տարքիով մեծ են մյուսներից: Խոսքը Սարգիս Հովսեփյանի եւ Համլետ Մխիթարյանի մասին է, սակայն նրանք դեռ չեն կորցրել իրենց արագությունը, թեեւ Համլետը Թուրքիայի հետ խաղում հաջող հանդիպում չանցկացրեց»:
Պոուլսենը ընդգծեց, որ ընտրական փուլի մեկնարկում Հայաստանը չի արդարացրել սպասելիքները` պարտվելով Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականներին: Նշելով այս հանդիպումների մեր ընտրանու թերությունները` Պոուլսենը ասաց. «Պետք է փորձենք կատարելագործել մեր խաղը եւ չկրկնել այն սխալները, որոնք թույլ ենք տվել առաջին հանդիպումներում: Բելգիան եւ Բոսնիան եվրոպական միջին մակարդակի թիմեր են: Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ եւ խաղանք մեր ֆուտբոլը: Հայաստանը սովորաբար մեծ դժվարությամբ է գոլ խփում: Մենք կփորձենք խախտել այս ավանդույթը»:
Յան Պոուլսենին անհանգստացնում է այն հանգամանքը, որ հավաքականի խաղացողներից ոմանք իրենց ակումբներում հանդես չեն գալիս հիմնական կազմում. «Այս խնդիրը կար նաեւ Թուրքիայի հետ հանդիպումից առաջ: Արարատ Առաքելյանը իր բարձր հասակի շնորհիվ շատ կարեւոր խաղացող է մեզ համար, բայց ցավոք նա «Մետալուրգում» հանդես չի գալիս հիմնական կազմում»:
Դանիացի մասնագետը անկեղծորեն խոստովանեց, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը իրատեսական չէ: Դեռ ավելին, Պոուլսենը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը իր ենթախմբում կարող է պայքարել 4-5-րդ հորիզոնականների համար. «Առաջինը մեր խմբում Իսպանիան է, որին հաջորդում են Թուրքիան, Բելգիան, Բոսնիան, ապա մենք ենք, իսկ մեզանից հետո Էստոնիան: Իրատեսորեն մենք կարող ենք հավակնել 4-5-րդ տեղերին»: Այն հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չէր խոսում այդ մասին, Պոուլսենը ասաց. «Մոտ 3 ամիս առաջ լրագրողներից մեկը հարցրեց ինձ, թե արդյոք իրատեսական է, որ Հայաստանը դուրս կգա եզրափակիչ փուլ: Ես ասացի, ոչ, իրատեսական չէ, սակայն անհնարին խնդիր չէ: Մենք ունենք լավ հավաքական եւ պետք է ամեն խաղում շատ լավ հանդես գանք եւ բախտը պետք է մեր կողմը լինի: Սակայն շատ դժվար է 10 խաղում անընդմեջ լավ ֆուտբոլ ցույց տալ»:
Պոուլսենին դուր չէր եկել, որ Թուրքիայից եւ Իսպանիայից կրած պարտություններից հետո Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը բավական սուր քննադատության էր ենթարկել հավաքականին. «Նախքան Թուրքիայի հետ հանդիպումը իմ գլխավորությամբ Հայաստանը 6 ստուգողական հանդիպում էր անցկացրել, որից ընդամենը 1-ում էր զիջել: Բայց երբ մենք պարտվեցինք ընտրական փուլի առաջին հանդիպումներում, ապա պետք է ասենք թե հավաքական այլեւս չունե՞նք»:
Ընդհանրապես Պոուլսենը կոչ արեց իրատես լինել եւ միանգամից լավ արդյունքներ չակնկալել. «Իհարկե, դուք ցանկանում եք միանգամից հաջողություններ տեսնել, բայց պետք է իրատես լինենք: Հայաստանում այսօր ընդամենը 8 ակումբ է գործում: Եթե մենք կառուցում ենք ինչ-որ բան, ապա պետք է հիմքից կառուցենք: Երբ տուն ենք կառուցում, ապա տանիքից չենք սկսում, այլ` հիմքից: Նույնն էլ ֆուտբոլում է: Պետք է համբերատար լինենք այս հարցում»: Դանիացի մարզիչը ավելացրեց նաեւ, որ մեծ ծավալի աշխատանք է կատարվում Հայաստանում ֆուտբոլը մասսայականացնելու համար եւ բերեց բազմաթիվ օրինակներ կատարվող աշխատաքների մասին: