Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

Սպորտ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին փուլում կայացավ պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան խմբային մրցաշարի 40 մասնակիցների անունները: Գրեթե բոլոր ֆավորիտները կարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանների թիմը` «Տիմիշոարան», մրցում է սերբական «Պարտիզանի» հետ: Առաջին խաղում ռումինական ակումբը սեփական հարկի տակ զիջել էր 1:2 հաշվով: Պատասխան խաղում եւս հաղթեց «Պարտիզանը», որը այս անգամ առավելության հասավ 1:0 հաշվով: Քարամյան եղբայրները հայտավորված էին պահեստայինների թվում, սակայն փոխարինման դուրս եկավ միայն Արմանը, որը 81-րդ րոպեին փոխարինեց Սրգիան Լուչինին: Իսկ ահա Արտավազդը Քարամյանի բացակայության մասին հստակ տեղեկություններ չկան: Արտավազդը «Տիմիշոարայի» առաջատարներից մեկն է, սակայն վերջին 2 պաշտոնական հանդիպումներին խաղադաշտ դուրս չի եկել: Տեղեկություն կար, որ նա մեջքի վնասվածք ունի, սակայն այս վարկածը առայժմ չի հաստատվել:

Առաջին փուլի ամենամեծ անակնկալը մատուցեց ուկրաինական «Մետալիստ», որը սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց թուրքական «Բեշիքթաշին»: Առաջին խաղում ուկրաինացիները պարտվել էին 0:1 հաշվով, սակայն պատասխան խաղում տոնած խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկան խմբային մրցաշար: Իտալական 4 ակումբներից պայքարը կշարունակեն 3-ը: Նման իրավունք ստացան «Միլանը», «Սամպդորիային» եւ «Ուդինեզեն», իսկ ահա «Նապոլին» զիջեց իր տեղը պորտուգալական «Բենֆիկային»: Գերմանական 6 ակումբներից 5-ին հաջողվեց դուրս գալ խմբային մրցաշար: «Համբուրգը», «Վոլֆսբուրգը», «Շալկե-04»-ը, «Շտուտգարտ» եւ «Հերտան» կարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան» հրաժեշտ տվեց ՈւԵՖԱ-ի գավաթին: Իսկ ահա Իսպանիան կորուստներ այս մրցաշարում չունեցավ:

«Սեւիլիան», «Վալենսիան», «Դեպորտիվոն» եւ «Ռասինգը» խնդիրներ չունեցան իրենց մրցակիցների հետ հանդիպումներում: Անգլիայի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն միայն 4-ը: «Էվերթոնը» 2 հանդիպումների արդյունքում 3:4 հաշվով զիջեց բելգիական «Ստանդարդին»: Անգլիական խմբային մրցաշարում կներկայացնեն «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Ասթոն Վիլան» եւ «Պորտսմութը»:

Ֆրանսիան եւս 1 կորուստ ունեցավ առաջին փուլում: ՊՍԺ-ն, «Սենտ Էտիենը» եւ «Նանսին» կարողացան դուրս գալ խմբային մրցաշար, իսկ «Ռենը» զիջեց հոլանդական «Տվենտեին», որը մարզում է հայտնի անգլիացի մարզիչ Սթիվ Մաքլարենը:

ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: