Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ԺԱՄ ՇՈՒՏ

Սպորտ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին չորրորդ շրջանը: Այսօր կմեկնարկի 22-րդ տուրը, որը կշարունակվի նաեւ հանգստյան օրերին: Այս տուրում հանդիպումները 17:00-ի փոխարեն կսկսվեն 16:00-ին:

«ՇԻՐԱԿ» - «ՄԻԿԱ» 03.10

Գյումրի, «Քաղաքային» , 16:00

Վերջերս «Միկան» գլխավորեց Սուրեն Բարսեղյանը, որի գլխավորությամբ թիմը ընթացիկ առաջնությունում առայժմ հաղթանակ չի տոնել: Բրոնզե մեդալների համար պայքարող «Միկայի» համար առաջիկա մրցավեճը առավել քան կարեւոր է: Թիմը նախորդ տուրերում միավորների մեծ կորուստ է ունեցել, որի պատճառով էլ առաջին հորիզոնականից հայտնվել է 4-րդ տեղում: Ընթացիկ առաջնությունում թիմը հաջող է հանդես գալիս «Շիրակի» դեմ: Կայացած 3 հանդիպումներից 2-ում «Միկան» հաղթել է գնդակների 4:1 հաշվով, իսկ եւս մեկ հանդիպում ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: «Շիրակը» խաղից առաջ լուրջ կորուստ ունի: Որակազրկվել է թիմի առաջատար Անդրանիկ Բարիկյանը:

«ՈՒԼԻՍ» - «ՓՅՈՒՆԻԿ» 04.10

Ոսկեհատ, «Վարդանանք-451», 16:00

Չեմպիոն «Փյունիկը» վաղուց արդեն միավորներ չի կորցնում Հայաստանի առաջնությունում: Թիմը արդեն ամրապնդվել է առաջին հորիզոնականում եւ 4-րդ շրջանում Վարդան Մինասյանի սաների յուրաքանչյուր հաղթանակը եւս մեկ քայլ է դեպի չեմպիոնական տիտղոս: Ընթացիկ առաջնությունում կողմերի միջեւ կայացած 3 հանդիպումներից 2-ում հաղթել է «Փյունիկը», իսկ «Ուլիսը» հաջողության է հասել 1 անգամ:

«ԿԻԼԻԿԻԱ» - «ԱՐԱՐԱՏ» 04.10

Աշտարակ, «Քասախի մարզիկ», 16:00

Սովորաբար «Արարարտ»-ը խոշոր հաշիվներով էր հաղթում «Կիլիկիային», սակայն այս ավանդույթը ընդհատվեց 3-րդ շրջանում, երբ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Ի դեպ, այս խաղում «Կիլիկիան» երկար ժամանակ 10 հոգով էր հանդես գալիս, քանի որ առաջին կեսի միջնամասում կարմիր քարտի էր արժանացել Գեղամ Քոչարյանը: Ընդհանրապես մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կիլիկիան» բավական ամուր մրցակից է դարձել, եւ մեծ դժվարությամբ է միավորներ տալիս առաջատար թիմերին: Իսկ «Արարատը» այլեւս միավորներ կորցնելու իրավունք չունի: Չեմպիոնության համար պայքարող Վարուժան Սուքիասյանի սաների համար միավորների յուրաքանչյուր կորուստը կարող է ճակատագրական լինել, քանի որ առաջին տեղում ընթացող «Փյունիկը» արդեն իսկ 3 միավորի առավելություն է ստացել:

«ԲԱՆԱՆՑ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» 05.10

Երեւան, «Հրազդան», 16:00

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում, որտեղ կմրցեն բրոնզե մեդալի համար պայքարող 2 թիմեր: «Բանանցը» երկարատեւ ընդմիջումից հետո կրկին իրեն բնորոշ խաղ է ցուցադրում, իսկ «Գանձասարը» ընթանում է 3-րդ տեղում եւ առաջին անգամ իր կարճ պատմության ընթացքում հնարավորություն ունի դառնալ մրցանակակիր: Ներկայումս կապանցիները 5 միավորով գերազանցում են «Բանանցին», որը հաղթանակի դեպքում ընդհուպ կմոտենա իր հիմնական մրցակիցներից մեկին: Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի հանդիպումները ընթանում են սակավաթիվ գոլերի ուղեկցությամբ: Կայացած 3 հանդիպումներում նույնքան դարպասի գրավում է արձանագրվել: 2 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, իսկ եւս մեկում «Գանձասարը» հաղթել է նվազագույն հաշվով: