ՓՈԽՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԾԱՆՐ ՔԱՇԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Վերջինը պայքարի մեջ մտան 105 կգ եւ ավելի բարձր քաշային ծանրորդները, որոնց թվում կային նաեւ հայ մարզիկներ: 105 կգ քաշայինների պայքարում մեդալների համար պայքարում էին Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բենձհանյանը, Հայաստանը ներկայացնող Սեւակ Սահակյանը եւ լեհ Դանիել Դոլեգան:
Այս 3 ծանրորդները ակնհայտ ուժեղ էին մյուս մասնակիցներից: Պոկում վարժությունում Սահակյանը 171կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ հաղթող դարձավ Դոլեգան, որը բարձրացրեց 172 կգ: Հրում վարժությունում մրցակցությունից դուրս էր Բեձհանյանը, որը 225 կգ-ով վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը: Դավիթը, երկամարտում ցույց տալով 394 կգ արդյունք, դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հրում վարժությունում Սեւակ Սահակյանը բարձրացրեց 201 կգ եւ երկամարտի 372 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր:
105+ կամ գերծանր քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Պիսարեւը, որը երկամարտի 431 կգ արդյունքով դարձավ չեմպիոն եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանդյանը 412 կգ-ով նվաճեց արծաթե մեդալ: Ալեքսանյանը 2-րդ տեղում էր թե պոկում, թե հրում վարժություններում: Այսպիսով` Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում արժանացավ 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների: Մեդալների քանակով Հայաստանը զիջեց միայն Ռուսաստանին: