Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՎԱՍԱՐՎԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 20-րդ տուրի հանդիպումները: 4 հանդիպումներից 3-ում գրանցվեց ոչ-ոքի եւ ընդամենը 3 դարպասի գրավում:

«Հրազդան» մարզադաշտում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց ետնապահ «Կիլիկիային»: Վերջին տարիներին «Փյունիկը» «Կիլիկիայի» հետ հանդիպումներում հիմնականում «չոր» հաշվով հաղթանակներ է տոնում, սակայն այս անգամ հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց:

1-ին կեսը անցավ բավական հետաքրքիր պայքարում եւ արդեն 4-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը հեռահար փոխանցումով Տիգրան Ղարաբաղցյանին մեն-մենակ դուրս բերեց տանտերերի դարպասապահի դիմաց, սակայն չկարողացավ օգտվել այս հնարավորությունից:

«Փյունիկը» դարպասը գրավելու եւս մի քանի ռեալ պահ ունեցավ, սակայն առաջին կեսում հաշիվը այդպես էլ չբացվեց: 2-րդ կեսում գոլային պահերը անհամեմատ քիչ էին: 80-րդ րոպեին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հերթական փոփոխությունը կատարեց` Արթուր Եդիգարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Վարդան Պետրոսյանին: Հենց այս փոխարինումն էլ բեկումնային եղավ «Փյունիկի» համար, քանի որ 88-րդ րոպեին Ալբերտ Թադեւոսյանը, որը եւս դուրս էր եկել փոխարինման, ձախ եզրից փոխանցում կատարեց «Կիլիկիայի» դարպասային հրապարակի մատույցներ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Վարդան Պետրոսյանը մեկ հպումով գրավեց դարպասը: «Փյունիկը» հաղթեց 1:0 հաշվով եւ հավասարվեց առաջատարին` «Արարատին»: Վերջինս այս տուրում Կապանում հյուրընկալվեց «Գանձասարին»: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց նաեւ «Միկա» - «Ուլիս» խաղում, որտեղ տանտերերի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշում Սուրեն Բարսեղյանը: Պետք է ընդծել, որ Բարսեղյանի սաները մրցում էին, նրա նախկին թիմի` «Ուլիսի» դեմ:

Գյումրիում «Շիրակը» կարողացավ ընդհատել պարտությունների շարքը` 1:1 հաշվով ավարտելով «Բանանցի» հետ հանդիպումը: «Բանանցը» հերթական 2 միավորը կորցնելով` գործնականում զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: