Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑԱՎ

Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 77 կգ եւ 85 կգ քաշային ծանրորդները: 2 քաշային կարգերում էլ Հայաստանն ուներ ներկայացուցիչներ:

77կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Ալբանիայի ներկայացուցիչ Երկանդ Քերիմայը, որը թեեւ ֆավորիտների թվին չէր դասվում, սակայն 341 կգ երկամարտի արդյունքով վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը պոկում վարժությունում բարձրացնելով 146 կգ գրավեց 3-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Աղասյանը գլխավերեւում պահեց 181 կգ եւ դարձյալ արժանացավ բրոնզե մեդալի: Երկամարտի 327 կգ արդյունքով Աղասին դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: 332 կգ արդյունքով փոխչեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Մոլչանովը:

85 կգ քաշայինների պայքարում մրցակցությունից դուրս էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալսան Բիդիեւը, որը 371 կգ արդյունքով դարձավ չեմպիոն: 353 կգ արդյունքով Ադրիան Զիելինսկին դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում էին Հայաստանի ներկայացուցիչներ Աղվան Մելիքյանը եւ Արամ Ադրիկյանը: Ի վերջո, 346 կգ արդյունքով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Աղվան Մելիքյանը, իսկ Ադրիկյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Մինչ այս Հայաստանի երիտասարդական հավաքականը ընթացիկ առաջնությունում արժանացել էր 1-ական ոսկե եւ արծաթե մեդալների: