Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ»

Սպորտ

Փորձառու ֆուտբոլային մարզիչ Սուրեն Բարսեղյանը արդեն 2-րդ անգամ ստանձնում է Երեւանի «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս պաշտոնում նա կփոխարինի Իշտվան Սեկեչին:

Առաջին անգամ Սուրեն Բարսեղյանը «Միկան» գլխավորել է 2003թ. մրցաշրջանի սկզբում եւ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ 2 դեպքում էլ թիմը գրեթե թե նույն վիճակում է ընդունում. «Շատ նման իրավիճակներում եմ ընդունել թիմը: Ինչպես եւ 2003թ., այնպես էլ այժմ թիմում մեծ ծավալի «վերակառուցման» աշխատանքներ կան: Վերջին մեկ տարվա ընթացքում «Միկայում» արդեն 3-րդ մարզչական փոփոխություն է կատարվում եւ բնական է, որ ղեկավարությունը դժգոհ է եղել մարզիչներից, ինչի արդյունքում էլ փոփոխությունները հաճախ են եղել»:

Սուրեն Բարսեղյանին օգնելու են երիտասարդ մարզիչներ Արմեն Շահգելդյանը եւ Արտաշես Անտոնյանը: Մարզական այս խումբը, ըստ Բարսեղյանի, փորձելու է շտկել իրավիճակը. «Այժմ վստահել են մեզ, եւ թե որքանով կհաջողվի արդարացնել սպասելիքները, ցույց կտա ժամանակը: Բայց ոչ-ոք թող չկասկածի, որ ամեն ինչ անենլու ենք «Միկայի» առաջընթացը ապահովելու եւ դրական արդյունքի հասնելու համար»:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Միկան» ընթանում է 3-րդ հորիզոնականում: Սուրեն Բարսեղյանը հայտնեց, որ թիմի առջեւ խնդիր է դրված այս տարվա առաջնությունում գրավել մրցանակային տեղ. «Թիմի առջեւ միշտ էլ խնդիր է դրված եղել մրցանակային տեղ գրավել Հայաստանի առաջնությունում: Այդպես էր նաեւ 2003-04թթ., երբ ես կրկին գլխավորում էի «Միկան»: Այս տարի եւս կփորձենք լինել լավագույն եռյակում»:

Խոսելով Հայաստանի ընթացիկ առաջնության մասին` Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը ասաց. «Թիմերի խաղամակարդակները հավասարվել են, որի արդյունքում էլ համառ պայքար է ընթանում մասնակիցների միջեւ: Եթե նախորդ տարիներին անվիճելի առաջատարը «Փյունիկն» էր, ապա այս տարի պայքարը անհամեմատ սրվել է: Իր դիրքերը զիջել է «Բանանցը»: Այս թիմը խաղամակարդակի անկում չի ունեցել, պարզապես մյուս մրցակիցներն են հավասարվել նրան»: