Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ

Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 4-րդ տուրում հերթական հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը, որը հանդես է գալիս 16 տարեկանների պայքարում:

4-րդ տուրում Տեր-Սահակյանը պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Մարցեյ Կանարեկին: 4 տուրից հետո իր ակտիվում ունենալով 4 միավոր` Սամվելը սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Շվեդիայի ներկայացուցիչ Նիլս Գրանդելիուսը, որի հետ էլ հայ շախմատիստը կմրցի 5-րդ տուրում: Այս տարիքային խմբում հանդես եկող Հայկ Վարդանյանը 3 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

14 տարեկանների պայքարում 3 անընդմեջ հաղթանակներից հետո Կարեն Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ այժմ 3.5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով 16-րդ տեղում է: Տղաների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցչները առայժմ մոտ չեն բարձր հորիզոնականներին:

Աղջիկների պայքարում Վարդուհի Քալաշյանը, որը հանդես է գալիս 18 տարեկանների պայքարում, այս տուրում կես միավոր վաստակեց` միավորների քանակը հասցնելով 3-ի: Այժմ Վարդուհին ընթանում է 7-րդ տեղում: