Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԿՐԿԻՆ ՄԱՐԶԻՉ Է ՓՈԽՈՒՄ

Սպորտ

Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Իշտվան Սեկեչը պաշտոնանկ է արվել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը: «Միկայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, որը ժամանակին աշխատել է նաեւ «Միկայում»:

Ազգությամբ հունգարացի Իշտվան Սեկեչը, որը ֆուտբոլային եւ մարզչական կարիերան անցկացրել է ԽՍՀՄ-ում, ապա Ռուսաստանում, տարեսկբին դարձել էր «Միկայի» նախագահ, իսկ հուլիսին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Արկադի Անդրեասյանին, որը առողջական խնդիրների պատճառով լքել էր ակումբը: Սեկեչի գլխավորությամբ «Միկան» մի քանի հաջող հանդիպումներ անցկացրեց, մի պահ գլխավորում էր Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին 3 տուրերում կրելով նույնքան պարտություն հայտնվել է 3-րդ տեղում եւ զգալիորեն զիջում է առաջին 2 հորիզոնականներում գտնվող թիմերին:

Այժմ «Միկան» կգլխավորի Սուրեն Բարսեղյանը, որը ընթացիկ մրցաշրջանի սկզբում հրաժարական տվեց «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից, ապա «Միկայում» սկսեց օգնել Արկադի Անդրեասյանին: Սուրեն Բարսեղյանը 1998-99թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, ապա աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Ուլիսում»: «Միկան» նրա գլխավորությամբ 2003թ. դարձել է Հայաստանի գավաթակիր:

Բարսեղյանին կօգնեն «Միկայի» նախկին ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանը եւ Արտաշես Անտոնյանը: Շահգելդյանը, որը երկար տարիներ եղել է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ, վերջին ամիսներին աշխատում էր որպես «Միկայի» մանկապատանեկան դպրոցի մարզիչ: