Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՄՎԵԼԻ 3-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավարտվել են 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 23 ներկայացուցիչներից 10-ը այս տուրում հաղթանակներ են տոնել, որոնցից 2-ը առայժմ միավոր չեն կորցրել:

16 տարեկան տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը մեկնարկային տուրերում տոնած 2 հաղթնակներից հետո այս անգամ առավելության հասավ հունգարացի Նորբերտ Լորանդի հետ: Տեր-Սահակյանը եւ եւս 4 շախմատիստներ առայժմ միավոր չեն կորցրել: 4-րդ տուրում Սամվելի մրցակիցը կլինի առաջատարներից մեկը` Լեհաստանը ներկայացնող Մարցեյ Կանարեկը: Այս տարիքային խմբում հանդես եկող Հայկ Վարդանյանը 2.5 միավորով 8-րդ հորիզոնականում է:

Միավոր չի կորցրել նաեւ 14 տարեկանների պայքարում հանդես եկող Կարեն Գրիգորյանը: Այստեղ ընդամենը 3 շախմատիստներ իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:

18 տարեկանների պայքարում հանդես եկող Հովիկ Հայրապետյանը եւ Վարդան Խոջայանը այս տուրում հաղթել են իրենց մրցակիցներին: Հայրապետյանը իր միավորների քանակը հասցրեց 2.5-ի եւ այժմ 7-րդ տեղում է:

12 տարեկանների պայքարում իր առաջին միավորը վաստակեց Դավիթ Ավետիսյանը, իսկ 10 տարեկանների պայքարում Մանուել Պետրոսյանը իր միավորների քանակը հասցրեց 2.5-ի:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը հանդես է գալիս Վարդուհի Քալաշյանը: 18 տարեկանների պայքարում հանդես եկող Վարդուհին, այս տուրում պարտության մատնելով իր մրցակցին, արդեն 2.5 միավոր ունի եւ ընթանում է 8-րդ հորզիոնականում: