Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱ ԻՆՏՐԻԳ, ՈՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում շարունակում է իր հաղթարշավը: Անհաջող մեկնարկից հետո «Փյունիկը» չեմպիոնության համար պայքարում զգալիորեն զիջել էր դիրքերը: Ամեն ինչ փոխվեց, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբը թիմը առաջնությունում պարտություն չի կրել, իսկ վերջին 5 հանդիպումներում նույնքան հաղթանակ է տոնել:

19-րդ տուրում «Փյունիկը» կարողացավ 4:1 հաշվով առավելության հասնել Կապանի «Գանձասարի» նկատմամբ, որը շատ հաջող էր հանդես գալիս վերջին տուրերում:

«Մենք սպասում էինք, որ դժվար հանդիպում է լինելու: Եթե նայենք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ «Գանձասարը» վաղուց պարտություն չի կրել, իսկ վերջին տուրերում միայն հաղթանակներ է տոնում», - նշեց Վարդան Մինասյանը: Մարզչի կարծիքով` առաջին կեսում իր սաները այնքան էլ հաջող չգործեցին. «Մինչեւ վերջ չէին աշխատում: Ընդմիջմանը խոսեցինք տղաների հետ եւ 2-րդ կեսում արդեն պատկերը այլ էր: Գոհ եմ թե արդյունքից, թե խաղի որակից»:

Մինասյանին հատկապես ուրախացրել էր այն, որ «Փյունիկի» երիտասարդ խաղացողները կարողանում են ստեղծագործել խաղադաշտում. «Ըստ խաղային իրավիճակի նրանք շատ արագ կողնորոշվում են, ինչը շատ ուրախալի է: Ինչո՞վ է ուժեղ այսօր Իսպանիայի հավաքականը, նրանով, որ կարողանում է մեկ քայլ արագ որոշում կայացնել մրցակիցներից»:

Այս տուրում առաջատար «Արարատը» 4:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Այժմ «Արարատը» եւ «Փյունիկը» զգալիորեն առաջ են անցել մյուս թիմերից, սակայն Վարդան Մինասյանի կարծիքով` չեմպիոնության համար պայքարին կարող են միջամտել նաեւ մյուս մասնակիցները. «Ես բազմիցս ասել եմ, որ այս առաջնությունը տարբերվում է նրանով, որ ֆավորիտները շատ են: Այսօր կա ինտրիգ, որը իմ կարծիքով պահպանվելու է մինչեւ վերջին տուրը: «Արարատը», «Միկան», «Բանանցը», «Գանձասարը», որը սեփական հարկի տակ հատկապես շատ ագրեսիվ է, պայքարելու են եւ մինչեւ վերջ մրցակցությունը կպահպանվի»:

«Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը «Փյունիկից» կրած պարտությունից հետո բավական զայրացած էր եւ դժգոհեց կոնկրետ մի քանի խաղացողների գործողություններից. «Ամեն ինչ սկսվեց Վալերի Ալեքսանյանի անհաջող խաղից: Իր բարձրության վրա չէր նաեւ Արմեն Տատինցյանը: Առջեւի գծում ոչնչով աչքի չընկան Կոնստանին Բիրսանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը: 2-րդ կեսում կեսում մեր դարպասը Կառլեն Մկրտչյանը գրավեց մի դիրքից, երբ դարպասապահը պարտավոր էր դուրս գալ իր տեղից: Առանց դարպասապահի ֆուտբոլ խաղացինք: Լավ է, որ 4:1 հաշվով ավարտվեց հանդիպումը»: