ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր մեկնեց Ստամբուլ, որտեղ վաղը «Ալի Սամի Յեն» մարզադաշտում ընտրական հանդիպում կանցկացնի Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ:
Նախքան Ստամբուլ մեկնելը Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ շատ ծանր հանդիպում է սպասվում. «Սա փաստորեն առաջին դեպքն է, երբ Հայաստանի հավաքականներից մեկը հյուրընկալվում է Թուրքիային: Այդ պատասխանատվությունը բաժին հասավ երիտասարդական հավաքականին»:
Օգոստոսի 20-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում Թուրքիային հաղթել էին 2:1 հաշվով: 0:1 հաշվով պարտվելից Սուքիասյանի սաները չընկճվեցին եւ խաղավերջում ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլեւ հաղթանակ կորզեցին: Հաղթանական գնդակը խփեց 19-ամյա Հենրիխ Մխիթարյանը, որի կարծիքով Հայաստանի երիտասարդական հավաքականը վստահություն է ձեռք բերել. «Երեւանյան հաղթանակը վստահություն հաղորդեց մեզ եւ մենք Թուրքիայում եւս դուրս ենք գալու խաղադաշտ հաղթանակի համար, չնայած գիտակցում ենք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում մեզ»:
2 հավաքականների համար ել առաջիկա հանդիպումը վերջինն է «Եվրո-2009»-ի ընտրական փուլում: 2-րդ խմբում ընդգրկված Թուրքիայի հավաքականը Հայաստանին պարտվելուց հետո սեպտեմբերի 6-ին 2 անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի դարպասը եւ 16 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը 10 միավորով ընթանում է 4-րդ տեղում: