Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԻՑ ՄԵԾ ԷՐ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի Թուրքիայի ընտրանուց կրած պարտությունից հետո ֆուտբոլասերների շատերի նյարդերը տեղի էին տվել: Պատահական չէ, որ թուրքերի խփած 2-րդ գոլից հետո «Հրազդան» մարզադաշտը աստիճանաբար սկսեց դատարկվել: «Ա1+»-ը որոշեց հանդիպումից մեկ օր անց հարցում անցկացել, երբ արդեն կրքերը հանդարտվել էին:

«Սա մեզ լավ դաս եղավ թե ֆուտբոլասերներին, թե ֆուտբոլիստներին, թե մեր ժողովրդին: Խաղից առաջ բոլորս հաղթանակ էինք բղավում` առանց ասելու, թե ոնց ենք հաղթելու: Մենք մեզ չպետք է խաբենք», - ասաց 35-ամյա Սամվել Հարությունյանը:

Ֆուտբոլասերներից շատերին ավելի շատ զայրացրել էր ոչ թե հայ ֆուտբոլիստների անհաջող խաղ, որքան «Հրազդանի» դատարկ տրիբունաները: 27 - ամյա Արայիկ Սեդրակյանը գտնում է, որ մարզադաշտում չպետք է ազատ նստատեղ լիներ. «Երբ հայ ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ, նրանք տեսան, որ միայն արեւելյան եւ արեւմտյան տրիբունաներն են լեփ-լեցուն, իսկ յարուսում, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում շատ քիչ մարդ կար: Սա հիասթափեցնող է, որովհետեւ Հայաստանի հավաքականը հազվադեպ է սեփական հարկի տակ հանդես գալիս եւ այսպիսի կարեւոր հանդիպման գոնե պետք է այլ վիճակ լիներ: Եթե ես էլ լինեի ֆուտբոլիստ, ես շատ կընճվեի այս վերաբերմունքից»:

Իսկ 29-ամյա Հարություն Մարգարյանը գտնում է, որ պետք է մոռանալ այս անհաջողությունը եւ տրամադրվել սեպտեմբերի 10-ին կայանալիք Իսպանիայի հետ մրցավեճին. «Շատ ծանր հարված ստացանք, բայց պետք է մեր տղաները շուտ վերականգնվեն, դուրս գան այս վիճակից եւ ուրախացնեն մեզ Իսպանիայի հետ խաղում: Ինձ թվում է Թուրքիային պարտվեցին, քանի որ չափից մեծ էր ցանկությունը հաղթելու: Նման դեպքերում հաճախ թիմը իր հնարավորությունների ցածր է խաղում, ինչն էլ եղավ մեր թիմի հետ»:

Հանդիպումը արեւելյան տրիբունայից նայող Աշոտ Մինասյանը նշեց, թե որքան ակտիվ էր այս տրիբունայում հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը. «2-րդ գոլից հետո ամենաակտիվ համարվող արեւելյան տրիբունան լռեց, բայց Վարդան Պետրոսյանը այնքան ակտիվ էր, որ շատերը ոգեւորվելով` կրկին սկսեցին աջակցել մեր հավաքականին: Կարծում եմ` մենք պետք է միշտ այդպես կանգնած լինենք հավաքականի կողքին, քանի որ այս պարտությունը ամենածանրը տարան հենց մեր ֆուտբոլիստները»: