Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՐԻՄԸ ԱՍՈՒԼԻՍՆ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԵՑ

Սպորտ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը Հայաստան - Թուրքիա (0:2) ընտրական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից եւ արդյունքից. «Մենք հաղթեցինք մրցակցի, որը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ է միավորներ տալիս: Այս խաղը ցույց տվեց, որ հայերը եւ թուրքերը կարող են ֆուտբոլ խաղալ առանց միջադեպերի: Մենք այստեղ սպասվածից լավ ընդունելության արժանացանք»:

Ամեն դեպքում Տերիմին դուր չէր եկել, որ երբ հնչում էր Թուրքիայի օրհներգը, հայ ֆուտբոլասերներից շատերը սուլում էին. «Հուսով եմ կգա մի ժամանակ, որ այս խնդիրը եւս կլուծվի»:

Օրեր առաջ Ֆաթիհ Տերիմի ծննդյան օրն էր, որի ժամանակ նա խաղացողներին խնդրել էր Երեւանում մատուցել նվեր` հաղթելով Հայաստանի հավաքականին. «Եւ դա նրանք արեցին»:

Տերիմն ասուլիսի սկզբում լրագրողներին խնդրել էր անջատել բջջային հեռախոսները, սակայն, երբ նա պատասխանում էր հերթական հարցին, կրկին բջջայինի զանգ հնչեց, որից վրդովված թուրք մարզիչը ասաց. «Ես Ձեզ զգուշացրել էի: Բարի գիշեր…»:

Այնուհետեւ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը: Դանիացի մասնագետն անհաջողության պատճառը համարում է հայ եւ թուրք ֆուտբոլիստների միջեւ առկա խաղամակարդակների տարբերությունը. «Մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք խաղում: Մեր ֆուտբոլիստները աշխատում էին խաղալ այնքան, որքան ներում էին ուժերը: Ափսոս, որ չկարողացանք հաջողության հասնել: Պետք է ընդունենք, որ մրցակիցը ուժեղ էր»:

Պոուլսենի չէր կիսում այն կարծիք, որ խաղացողների սխալ ընտրություն է կատարել. «Այն խաղացողներին, որոնց ես եմ ընտրում, իմ կարծիքով լավագույններն են»:

Հայաստանի հավաքականի մարզչի կարծիքով խաղի լարվածությունը շատ մեծ էր եւ դա եւս ազդեցություն ունեցավ հայ ֆուտբոլիստների խաղի վրա, որոնք չկարողացան ցույց տալ իրենց կարողությունները: Միաժամանակ Պոուլսենը ընդգծեց, որ քաղաքականության հետ այդ լարվածությունը կապ չունի. «Մենք երբեք չենք քննարկել քաղաքականությունը հավաքականի ներսում»:

Մարզիչը նաեւ շնորհակալություն հայտնեց հայ ֆուտբոլասերներին. «Իհարկե, դատարկ տրիբունաներ կային, բայց նրանք, ովքեր եկել էին, ամեն ինչ արեցին լավ մթնոլորտ ստեղծելու համար եւ մեծ աջակցություն ցուցաբերեցին հավաքականին»:

Առջեւում Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումն է, որը կայանալու է սեպտեմբերի 10-ին: Այս մրցավեճում Հայաստանի հավաքականի կազմում որոշ փոփոխություններ են սպասվում. «Թուրքիայի հետ հանդիպումը վերլուծելուց հետո կորոշենք, թե ինչ փոփոխություններ կլինեն հիմնական կազմում»: