Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում հայ ֆուտբոլիստները 0:2 հաշվով զիջեցին Թուրքիայի ազգային թիմին:

Եվրոպական 5-րդ ընտրական խմբում ընդգրկված այս հավաքականների մրցավեճը ընդհանուր առմամբ անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հատկապես մեծ առավելություն ունեին 2-րդ կեսում: Հաշիվը 61-րդ րոպեին բացեց անգլիական «Միդլսբրոյում» հանդես եկող Տունկայ Սանլին, ով Թուրքիայի ներկայիս հավաքականի լավագույն ռմբարկուն է: 78-րդ րոպեին Շենթուրքը կրկնապատկեց հաշիվը: Հայաստանի հավաքականը ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողացավ որեւէ ռեալ գոլային պահ ստեղծել Թուրքիայի հավաքականի դարպասին:

Ընտրական հանդիպումներ են կայացել նաեւ մյուս խմբերում: Վրաստանի հավաքականը, որը առայժմ չի կարող սեփական հարկի տակ ընդունել մրցակիցներին, Գերմանիայում 1:2 հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին: Ադրբեջանը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Ուելսին: Ամենամեծ անակնկալը գրանցվեց 7-րդ խմբում, որտեղ Լիտվայի հավաքականը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ռումինիայի դարպասը: