«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւան ժամանեց Թուրքիա ազգային հավաքականը, որը վաղը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում կանցկացնի: 20.00-ին Թուրքիայի հավաքականն իր միակ մարզումը անցկացրեց «Հրազդան» մարզադաշտում, իսկ մինչ այդ թուրքերի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը կարճ մամուլի ասուլիս տվեց հայ լրագրողների համար:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի հավաքականի խաղացողները խաղային պրատիկայի խնդիր ունեն, Տերիմը ասաց. «Իրոք այս տարի Թուրքիայի առաջնությունը ուշ է սկսվել եւ թուրքական ակումբները ընդամենը 2 տուր են խաղացել: Թվում է` լրիվ պատրաստ չենք այս խաղին, բայց երբ հավաքականի ֆուտբոլիստները ժամանում են, խնդիրներ չենք ունենում: Եթե դուք կարծում եք, որ դա առավելություն կտա Հայաստանին, ապա ես այդպես չեմ կարծում»:
Ֆաթիհ Տերիմը խոսեց նաեւ Թուրքիայի հավաքականում առկա կադրային խնդիրների մասին. «Մենք արդեն սովոր ենք, որ մի շարք կարեւոր խաղացողներ վնասվածքների պատճառով բացակայում են: «Եվրո-2008»-ի ժամանակ բազիմցս նման խնդիրներ ենք ունեցել, բայց բոլոր նրանք ովքեր փոխարինել են բացակայողներին միշտ էլ լավ են հանդես եկել: Բացի այդ ես կարծում եմ` սա նորեկների համար իրենց դրսեւորելու լավ առիթ է»:
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաեւ խաղի շուրջ առկա լարվածության մասին եւ ընդծեց, որ սա ֆուտբոլային հանդիպում է. «Մենք չենք ուզում մեր վրա վերցնել պատմության բեռը: Հուսով եմ` վաղը կայանալիք հանդիպումը ապագայում կնպաստի ապագայում երկու հարեւան երկրների լավ հարաբերությանը: Մենք հասկացանք, թե ֆուտբոլը որքան կարող է ժողովրդին շեղել հոգեւորից: Ես դեռ Ստամբուլում տված մամուլի ասուլիսում ասել էի, որ մենք գնում են Հայաստան` ֆուտբոլ խաղալու: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել լավ ընդունելության համար»:
Մեկնաբանելով այն հանգամանքը, որը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է իր հասանելիք տոմսերի քանակից, Տերիմը ասաց. «Իհարկե, մենք սովոր ենք, որ մի շարք երկրներում մեզ աջակցում են մեր երկրպագուները, բայց նաեւ կարող ենք հանդես գալ այնտեղ, որտեղ չկան մեր երկրպագուները: Մենք սպասվում ենք, որը վաղվա հանդիպմանը 40-50 հազար հայ ֆուտբոլասեր կգա, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների հանդիպմանը արդեն 15 հազար մարդ էր ներկա»:
Ֆաթիհ Տերիմը Հայաստանի հավաքականի մասին պատկերացում կազմել էր «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպումներից. «Ես գիտեմ, որ Հայաստանի հավաքականը կարողանում է լուրջ պայքարը մղել եվրոպական առաջատար ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով համալրված հավաքականների հետ: Լեհաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի հետ հանդիպումները դրա վառ ապացույցն են: Բայց մենք էլ ցանկանում ենք առանց միավոր կորցնելու վերադառնալ տուն»: