«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան-Թուրքիա հանդիպումը պետք չէ քաղաքականացնել եւ ավելորդ լարվածություն ստեղծել, քանի որ սա ֆուտբոլային խաղադաշտ է», - այս կարծիքին է Երեւանի «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, որը միաժամանակ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է:
Իսրայելյանի կարծիքով` քաղաքական հարցերի համար կան այլ դաշտեր. «Սակայն ոչ ֆուտբոլային խաղադաշտը: Մենք կտեսնենք հետաքրքիր խաղ, որում ամեն բան էլ հնարավոր է, քանի որ ֆուտբոլը անկանխատեսելի է: Կարող ես 90 րոպե գրոհել, բայց վերջում գոլ ընդունել եւ պարտվել: Բայց ես համոզված եմ, որ մեր տղաները ամեն ինչ անելու են հաղթանակի համար»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որին արդեն հաջողվել է հաղթել Թուրքիայի երիտասարդական ընտրանուն օգոստոսի 20-ին, կարծում է, որ նույնը կարող է անել ազգային հավաքականը. «Լարված խաղ է լինելու: Չմոռանանք, որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի հետ ենք խաղալու: Ինձ թվում է մենք հաղթելու ենք: Ներկայումս երիտասարդական հավաքականը ազգայինի հետ նույն հյուրանոցում է անցկացնում ուսումնամարզական հավաք եւ տեսնելով տղաների տրամադրվածությունը ես հավատում եմ հաջողությանը»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում թուրքերի դարպասը հաղթական գնդակը խփած Հենրիխ Մխիթարյանը եւս լավատես է. «Ես հավատում եմ մեր հավաքականին եւ կարծում կկարողանան ուրախացնել մեր ֆուտբոլասերներին»:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով հաղթաթուղթը կարող է լինել չափից մեծ ցանկությունը. «Թուրքերը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով են համալրված, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը հաղթելու ավելի մեծ ցանկություն ունի եւ դա կարող է որոշիչ լինել»: