Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՆՈՔՅԱՆԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է

Սպորտ

«Օլիմպիադա-2008»-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը:

Հայ ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում հանդիպեց Աֆրիկայի 2008թ. չեմպիոն Ադնան Ռհիմիի (Թունիսի) հետ: Ենոքյանի առավելությունը այս մրցամարտում բացահայտ էր եւ նա հաղթեց 14:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում Հարությունի մրցակիցը Ռեւազ Մինդորաշվիլին էր (Վրաստան), որը աշխարհի 2005թ. չեմպիոնն է, Եվրոպայի 2008թ. փոխչեմպիոնը: Ենոքյանը զիջեց 0:4 հաշվով, սակայն դեռ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունի, քանի որ Մինդորաշվիլին կիսաեզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Գեորգի Կետոեւին դուրս եկավ եզրափակիչ:

96 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ են դուրս եկել Թեյմուրազ Տիգիեւը (Ղազախստան) եւ Շիրվանի Մուրադովը (Ռուսաստան):

120 կգ քաշայինների պայքարում ոսկու համար կպայքարեն Բախտիյար Ախմետովը (Ռուսաստան) եւ Արթուր Թայմազովը (Ուզբեկստան):

ՋԱՆՈՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Հայ նիզականետորդ Մելիք Ջանոյանը այսօր «Պեկին-2008»-ում ցույց տալով 64.47 մ արդյունք, որակավորման փուլում գրավեց վերջին 19-րդ հորիզոնականը: Ջանոյանը ընդգրկված էր որակավորման Բ խմբում, որտեղ պետք է պայքարեր եզրափակիչի ուղեգրի համար: Ջանոյանի լավագույն արդյունքը կարիերայի ընթացքում եղել էր 78.03 մ, որը կրկնելու դեպքում հայ մարզիկը որակավորման փուլում կգրավեր 8-րդ հորիզոնականը: