Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ՝ 2:1

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ: 15 հազար հանդիսականների աջակցության ներքո հայ երիտասարդներն իրենց լավագույն հանդիպումներից մեկը անցկացրին, եթե ոչ լավագույնը:

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ստեղծելով մի քանի ռեալ գոլային պահեր, այդպես էլ չկարողացան բացել հաշիվը: Իսկ ահա թուրքերը, 66-րդ րոպեին օգտվելով մեր թիմի պաշտպանների կոպիտ սխալից առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Դուրակը:

Թվում էր ընդունած գոլից հետո Վարուժան Սուքիասյանի սաները կորցրին հաղթելու հնարավորությունը, սակայն հայ ֆուտբոլիստներին խաղավերջում հաջողվեց կատարել անհնարինը: Նախ, 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Կառլեն Մկրտչյանը հավասարացրեց հաշիվը: Ստանալով հոգեբանական առավելություն, Հայաստանի ընտրանին նետվեց առաջ, եւ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը 2-րդ անգամ գրավեց թուրքերի դարպասը: Այս գոլից հետո «Հրազդան» մարզադաշտ եկած հազարավոր ֆուտբոլասերները հայտնվեցին ցնծության մեջ եւ հանդիպման ավարտից հետո «Հա-յա-ստան» վանկարկելով սկսեցին տոնել հաղթանակը մարզադաշտի մերձակա փողոցներում:

Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2009»-ի ընտրական 2-րդ խմբում 10 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: