Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԵՄ ԱՖՐԻԿԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ

Սպորտ

Վաղը՝ օգոստոսի 21-ին, ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: 84 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Հայաստանի վերջին մասնակիցը՝ Հարություն Ենոքյանը:

Հարությունը Հայաստանի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի որդին է: Վերջին տարիներին այս ըմբիշը գրեթե չի մասնակցել խոշոր մրցաշարերի, քանի որ 84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Ռուսաստանից հրավիրված Վադիմ Լալիեւը: Վերջինս ձախողեց վարկանիշային մի շարք մրցաշարեր, որից հետո մարզիչները վստահեցին Ենոքյանին եւ հայ ըմբիշը կարողացան իրավունք ստանալ «Պեկին-2008» մասնակցելու համար:

Վաղը Հարությունը պայքարի մեջ կմտնի 1/8-րդ եզրափակիչից, որտեղ կմրցի Աֆրիկայի 2008թ. չեմպիոն Ադնան Ռհիմիի (Թունիս) հետ: Հաջողության դեպքում Հարություն Ենոքյանը քառորդ եզրափակիչում կհանդիպդի Ռեւազ Մինդորաշվիլի (Վրաստան) - Դավիթ Բիչինաշվիլի (Գերմանիա) զույգի հաղթողի հետ:

ԵՎՍ ՄԵԿ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ՊԵԿԻՆՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հակադոպինգային ծառայությունը արգելված խթանիչներ օգտագործելու համար ուկրաինուհի Լյուդմիլա Բլոնսկայային զրկել է «Օլիմպիադա-2008»-ում նվաճած արծաթե մեդալից: Յոթնամարտում նվաճած մեդալից զրկվելով Լյուդմիլա Բլոնսկան դարձավ 5-րդ մարզիկը, որի մոտ ընթացիկ խաղերում արգելված խթանիչ է հայտնաբերվում: Այս որակազրկումից շահում է ռուս մարզուհի Տատյանա Չեռնովան, որը գրավել էր 4-րդ հորիզոնականը, սակայն այժմ նրան կտրամադրվի բրոնզե մեդալը, իսկ արծաթը բաժին կհասնի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հայլիզ Ֆոնտենին, որը զբաղեցրել էր 3-րդ տեղը: Բլոնսկայան 2003թ. արդեն որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու համար, որից հետո շուրջ 2 տարի իրավունք չուներ մասնակցելու միջազգային մրցաշարերին:

Պեկինում ընթացող օլիմպիական խաղերում արդեն 4133 մարիզկների մոտ դոպինգ տեստ է անցկացվել: Այս մասին նշված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ: 3292 տեստերում արգելված խթանիչներ գտնվելու համար հետազոտվել են մարզիկների մեզը: 455 դեպքում արյան տեստ է անցկացվել: Խաղերի կազմակերպիչները նախատեսում են անցկացնել 4500-ի դոպինգ տեստ, որը զգալիորեն շատ է, քան «Աթենք2004»-ում անցկացված տեստերի քանակը:

Որպես կանոն, դոպինգ տեստի են ենթարկվում յուրաքանչյուր մրցաշարում առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները, եւս 2 մարզիկների հետազոտում են պատահականորեն ընտրելով:

ՍԱՅՏԻԵՎԸ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Ռուս ըմբիշ Բուվայս Սայտիեւը իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ազատ ոճային այս ըմբիշը այսօր հաղթեց 74 կգ քաշայինների պայքարում: Եզրափակիչում Սայտիեւը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Սոսլան Տիգիեւին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացավ Մուրադ Գայդարովը (Բելառուս) եւ Կիրիլ Տերզիեւը (Բուլղարիա):

ՍԵՐԲԵՐԸ ՈՒԺԵՂ ԷԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ

Ջրագնդակի մրցաշարի քառորդ եզրափակիչում Սերբիայի հավաքականը 9:5 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ: Սերբերը դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն ԱՄՆ-ի հավաքականի հետ:

ՌԱՅՍԸ ԶԲԱՂՎԱԾ Է

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը չի մասնակցի «Օլիմպիադա-2008»-ի փակման հանդիսավոր արարողությանը, որը կկայանա առաջիկա կիրակի օրը:

«Սպիտակ տան» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Կոնդոլիզա Ռայսը, աշխարհում կատարող իրադարձություններից ելնելով, չի կարող ժամանել Պեկին: «Կատարվող իրադարձություններ» ասելով «Սպիտակ տանը» նկատի են ունեցել ռուս-վրացական կոնֆլիկտը:

ԽՈՐՎԱԹՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԴԱՆԻԱՅԻՆ

Հանդբոլի տղամարդկանց Խորվաթիայի հավաքականը «Օլիմպիադա-2008»-ի քառորդ եզրափակիչում կարողացավ պայքարից դուրս թողնել ֆավորիտներից մեկին՝ Դանիային: Խորվաթները առավելության հասան 26:24 հաշվով: