Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 ՀԱՅ ՄԱՐԶԻԿ ԴԵՌ ՊԵԿԻՆՈՒՄ Է

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականի 3 անդամներ առայժմ «Օլիմպիադա-2008»-ում են: Պայքարը շարունակում է բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը, իսկ ազատ ոճային ըմբիշ Հարություն Ենոքյանն եւ ատլետ Մելիք Ջանոյանը դեռ ասպարեզ դուրս չեն եկել:

Այսօր պայքարի մեջ մտավ 66կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Սուրեն Մարկոսյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Իրբեկ Ֆարնիեւն էր: Մրցամարտն անցավ վերջինիս բացահայտ առավելությամբ: Ռուսաստանցի ըմբիշը հաղթեց 7:2 հաշվով, սակայն եզրափակիչ չհասավ, ուստի Մարկոսյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Այս քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել Ռամազան Շահինը (Թուրքիա) եւ Անդրեյ Ստադնիկը (Ուկրաինա):

74 կգ քաշայինների պայքարում եզրափակիչում են հայտնվել Բուվայսա Սատիեւը (Ռուսաստան) եւ Սոսլան Տիգիեւը (Ուզբեկստան):

Վաղը պայքարի մեջ կմտնեն 84 կգ, 96 կգ եւ 120 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը ներկայացուցիչ ունի միայն 84 կգ քաշայինների պայքարում, որտեղ հանդես կգա Հարություն Ենոքյանը:

ՀԱՂԹԵՑ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ

Կանանց լողի 10 կմ տարածությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լարիսա Իլչենկոն: 20-ամյա լողորդուհին մարաթոնյան լողում ցույց տվեց 1:59:27.7 արդյունք: Իլչենկոյի հետ ոսկե մեդալի համար պայքարում էին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ Կերի-Էնն Պեյնը եւ Կասանդրա Պատենը, որոնք արժանացան համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալների:

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԻՍԱԵԶՐԱԿԻՉՈՒՄ

Հանդբոլի Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը «Օլիմպիադա-2008»-ի քառորդ եզրափակիչում 24:27 հաշվով զիջեց Ֆրանսիայի հավաքականին` թողնելով հետագա պայքարը: Հաղթելով այս մրցամարտում ֆրանսիացիներն իրավունք ստացան հանդես գալու կիսաեզրափակիչում, իսկ Ռուսաստանը կպայքարի 5-8-րդ հորիզոնականների համար:

ԻՏԱԼԻԱՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ

Վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարի ֆավորիտ Իտալիան այսօր քառորդ եզրափակիչի մրցավեճում դժվարին պայքարում առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ: Առաջին 2 խաղափուլերում հաղթելով մրցակցին 25:19, 25:22 հաշիվներով, թվում էր իտալացիներն ապահովեցին իրենց տեղը կիսաեզրափակիչում, սակայն հաջորդ 2 խաղափուլերում հաջողության հասան լեհերը: Վճռորոշ 5-րդ խաղափուլը եւս անցավ հավասար պայքարում, եւ ի վերջո Իտալիան առավելության հասավ 17:15 հաշվով:

Կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք է ստացել նաեւ Ռուսաստանի հավաքականը, որը այսօր 3:1 (20:25, 25:16, 25:22, 25:21) հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի հավաքականին: