ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇՎԻ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, 21:00-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2009»-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի Թուրքիայի երիտասարդական հավաքականին: Հանդիպման մուտքն անվճար է:
Մրցավեճի արդյունքը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, որը լավ հնարավորություններ ունի 2-րդ ընտրական խմբում գրավելու առաջին հորիզոնականը: Թուրքերը մինչեւ ընտրական փուլի ավարտը 3 հանդիպում պետք է անցկացնեն, որից երկուսը Հայաստանի հավաքականի հետ, ուստի հենց մեր ֆոտբոլիստների հետ խաղում կորոշի Թուրքիայի երիտասարդական հավաքականի ճակատագիրը: Հայաստանի երիտասարդական ընտրանին այլեւս հնարավորություն չունի խմբում առաջին տեղը գրավելու, սակայն տեսականորեն դեռ հնարավորություն պահպանում է խմբում երկրորդ տեղի համար: Ամեն դեպքում դա իրատեսական չէ, քանի որ առաջատարները դեռ հանդիպումներ ունեն անցկացնելու միմյանց հետ:
Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն մի քանի օր է՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Առաջին անգամ մեր երիտասարդականի կազմում հանդես գալու հնարավորություն են ստացել Հովհաննես Գոհարյանը (Մոսկվայի «Լոկոմոտիվի» 2-րդ կազմ) եւ Վարանց Բզդիկյանը (ֆրանսիական «Մարսելի» 2-րդ կազմ): 2 ֆուտբոլիստներն էլ լավ տպավորություն են թողել մարզչի վրա: Սուքիասյանը հրավիրել էր նաեւ Ամստերդամի «Այաքսին» պատկանող Էդգար Մանուչարյանին, սակայն Հայաստանի հավաքականի հարձակվողը չի ժամանել:
Թուրքիայի հավաքականում հիմնականում հանդես են գալիս թուրքական ակումբների ֆուտբոլիստներ: Կան նաեւ լեգեոներներ, որոնք բավական ճանաչված եվրոպական թիմերից են: 19-ամյա Սաներ Էրկինը արդեն մեկ տարի է՝ հանդես է գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Չնայած հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, սակայն 11 հանդիպում է անցկացրել եւ խփել երկու գնդակ:
Առանցքային ֆուտբոլիստ է համարվում Զաֆեր Յելենը, որը ծնվել եւ մեծացել է Բեռլինում: 18- տարեկան հասակում տեղափոխվել է Ռոստոկի «Հանզա» եւ 2006թ. այս ակումբի գլխավոր թիմի խաղացող է: Բունդեսլիգայում 40-ից ավել հանդիպումներ է անցկացրել: Նուրի Սահինը նաեւ Թուրքիայի ազգային հավաքականի խաղացող է, որը դարձյալ ծնվել է Գերմանիայում: Դորդմունդի «Բորուսիայում» անցկացնելով երեք մրցաշրջան՝ այս ֆուտբոլիստը 2007թ. տեղափոխվեց հոլանդական «Ֆեյենորդ», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրեց 29 հանդիպում՝ խփելով վեց գնդակ:
Բիլալ Ցուբուկցուն ամռանը տեղափոխվեց «Գենջլերբիրլիգի», իսկ մինչ այս համարվում էր Բեռլինի «Հերտայի» ֆուտբոլիստ: Ցուբուկցուն եւս ծնվել եւ մեծացել է Գերմանիայի մայրաքաղաքում, սակայն, ի տարբերություն իր խաղընկերների, նրան չհաջողվեց ամրպանդվել Բունդեսլիգայի թիմում:
Թուրքիայի հավաքականի վերջին «գերմանացին» Թուֆան Թոսունօղլուն է «Դույսբուրգից»: «Ռեդինգի» ֆուտբոլիստ համարվող Ջեմ Կարաչանը Թուրքիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր մայիսին Երեւանում ընթացող էլիտ-ռաունդի մրցաշարին: Կարաչանը ծնվել է Լոնդոնում, իսկ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Միլոուլ» թիմում: