Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Սպորտ

Բասկետբոլի Չինաստանի կանանց հավաքականն «Օլիմպիադա-2008»-ում առաջինն ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում: Չինացիները այսօր առավելության հասան Բելառուսի հավաքականի նկատմամբ:

Քառորդեզրափակիչ խաղում Չինաստանը շոշափելի առավելություն ստացավ առաջին երկու խաղափուլերում, իսկ հաջորդ երկու խաղափուլերն անցան հավասար պայքարում: Ի վերջո չինուհիներն առավելության հասան 77:62 հաշվով: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Ավստրալիայի հավաքականը, որը 79:46 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Ռուսաստան – Իսպանիա եւ ԱՄՆ-Կորեա զույգերը: Կանանց մրցաշարում ֆավորիտ է համարվում ԱՄՆ-ի հավաքականը:

Տղամարդկանց պլեյ-օֆֆի հանդիպումները կսկսվեն վաղը՝ օգոստոսի 20-ին: Քառորդեզրափակիչում կհանդիպեն Իսպանիա – Խորվաթիա, Լիտվա - Չինաստան, ԱՄՆ-Ավստրալիա, Արգենտինա - Հունաստան զույգերը: Բուքմեյքերական գրասենյակները տղամարդկանց մրցաշարի ֆավորիտ են համարում ԱՄՆ-ին: Այն, որ ամերիկացիները կհաղթեն «Օլիմպիադա-2008»-ում, սահմանվել է 1.18 գործակից:

ՀՈԼԱՆԴԻԱՆ ԶԱՐՄԱՑՐԵՑ

«Օլիմպիադա-2008»-ում կանանց ջրագնդակի մրցաշարի եզրափակիչում կմրցեն ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի հավաքականները: Կիսեզրափակիչում ԱՄՆ-ի ընտրանին դժվարին պայքարում 9:8 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ: Հոլանդիայի հավաքականն անսպասելիորեն առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ՝ հաղթելով 8:7 հաշվով, թեեւ հանդիպումից առաջ ֆավորիտ էին համարվում հունգարացիները:

5-րդ տեղի համար մրցամարտում Չինաստանը 10:7 հաշվով պարտության մատնեց Իտալիային: Կանանց մրցաշարի եզրափակիչը կկայանա օգոստոսի 21-ին, իսկ տղամարդկանց մրցաշարում վաղը կկայանան քառորդեզրափակիչի հանդիպումները:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՀԱՂԹԵՑ

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 55 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գենրի Կեջուդոն, որը եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ներկայացուցիչ Տոմոհիրո Մացունագայի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացան բուլղարացի Ռադոսլավ Վելիկովը եւ ռուսաստանցի Բեսիկ Կուդոխովը:

60 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մավլետ Բատիրովը, որը եզրափակիչում առավելության հասավ ուկրաինացի Վասիլ Ֆյոդորիշինի նկատմամբ:

Ի ՊԱՏԻՎ ԻՍԻՆԲԱԵՎԱՅԻ

Մոսկվայի Հարավ-արեւելյան շրջանի ղեկավար Վլադիմիր Զոտովը հայտնել է, որ «Բարձունք» կինոթատրոնի մերձակայքում կհայտնվի շատրվան ի պատիվ երեկ օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած Ելենա Իսինբաեւայի: Շատրվանի վայրն ընտրվել է կինոթատրոնի հարեւանությամբ, քանի որ «Բարձունքը», ըստ Զոտովի, համահունչ է Իսինբաեւի ցույց տված փայլուն արդյունքներին:

Շատրվանը պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 6-ի՝ Մոսկվայի օրը: