ՄԱՐՏԻՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա-2008»-ում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: Եթե հունա-հռոմական ոճում Հայաստանը ներկայացված էր 6 ըմբիշներով, ապա այստեղ մենք ունենք 3 մարզիկ, որոնցից առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը:
Վերջին տարիներին Հայաստանի ազատ ոճայինների հավաքականն անհաջող է հանդես գալիս միջազգային մրցաշարերում, ուստի սպասելիքներն այս մարզաձեւի ներկայացուցիչներից օլիմպիական խաղերում մեծ չեն: Սակայն կոնկրետ Մարտին Բերբերյանը բավական փորձառու ըմբիշ է, 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում էր օլիմպիական խաղերին եւ նրանից բրոնզե մեդալի ակնկալիքներ կային:
1/8-րդ եզրափակիչում Բերբերյանը մրցեց Սայիդ Ազարբայջանիի հետ, որը ներկայացնում էր Կանադան: Բերբերյանը զիջեց 0:4 հաշվով: Նրան հաղթած մրցակիցը քառորդեզրափակիչում պարտվեց Սեյեդմորադ Մոհամադիին (Իրան), եւ Մարտինը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Վաղը պայքարի մեջ կմտնի 66կգ քաշային Սուրեն Մարկոսյանը, իսկ 84 կգ Հարություն Ենոքյանը հանդես կգա օգոստոսի 21-ին:
ՄԱՐԴՈՆԱՆ ԺԱՄԱՆԵՑ ՊԵԿԻՆ
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ժամանել է Պեկին Արգենտինայի օլիմպիական հավաքականին աջակցելու համար: Մարադոնայի հայրենակիցները դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու են Բրազիլիայի հավաքականի հետ: Մարադոնան հույս ունի, որ արգենտինացիները դուրս կգան եզրափակիչ եւ առաջիկա շաբաթ օրը «Թռչնի բույն» մարզադաշտում կայանալիք եզրափակիչում կնվաճեն ոսկե եդալները:
Կիսաեզրափակիչի մյուս զույգում մրցելու են Նիգերիա եւ Բելգիայի օլիմպիական հավաքականները: Այս զույգում ֆավորիտ են համարվում նիգերիացիները, որոնք բավական ուժեղ կազմով են ներկայացել օլիմպիական խաղերին: Բուքմեյքերներն ընթացիկ խաղերի գլխավոր ֆավորիտ են համարում Բրազիլիայի հավաքականին:
Կանանց պայքարում եւս ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է, որը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոն Գերմանիայի նկատմամբ: Եզրափակիչում բրազիլուհիները կմրցեն ԱՄՆ-ի հետ, որը կիսաեզրափակիչում 4:2 հաշվով պարտության մատնեց Ճապոնիային:
ԲՐԱԶԻԼԻԱՆ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՆ
Վոլեյբոլի կանանց մրցաշարում հայտնի է դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնակցի անունը: Նման իրավունք է ստացել Բրազիլիայի հավաքականը, որը քառորդեզրափակիչում 3:0 (25:12, 25:20, 25:16) հաշվով առավելության է հասել Ճապոնիայի նկատմամբ:
Կանանց հանդբոլի մրցաշարում եւս հայտնի է դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: Մրցաշարի ֆավորիտ Նորվեգիայի հավաքականը 31:24 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ: