Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Սպորտ

Օլիմպիական խաղերի 10-րդ օրվա ավարտից հետո Չինաստանի հաղթանակն «Օլիմպիադա-2008»-ում այլեւս կասկած չի հարուցում:

Չինաստանի հավաքականը նվաճած ոսկե մեդալների քանակն արդեն հասցրել է 39-ի եւ այս ցուանիշով բացահայտ առաջատարն է: Իսկ ահա 2-րդ տեղում ընթացող ԱՄՆ-ն իր ակտիվում ունի 20 ոսկե մեդալ: «Օլիմպիադա-2008»-ում Չինաստանի կազմում ավելի հաջող են հանդես գալիս կանայք, որոնք 23ոսկե մեդալ են նվաճել: Չինացի մարզիկները նվաճել են նաեւ 14-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ընդհանուր առմամբ Չինաստանը նվաճել է 67 մեդալ:

Նույքան մեդալի են արժանացել նաեւ ԱՄՆ-ի հավաքականում ընդգրկված մարզիկները է: Սակայն 67 մեդալներից ընդամենը 14-ն է ոսկե, ուստի ամերիկացիներն ընթանում են 2-րդ հորիզոնականում: Ամերիկացիները մեդալների մեծ քանակ ապահովեցին լողի մրցաշարերում, որից հետո ոսկի մեդալները այնքան էլ հեշտությամբ չեն տրվում:

Լավագույն եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը, որը 12 ոսկե մեդալի է արժանացել ընթացիկ խաղերում: Բրիտանացիներն եւս 7 արծաթե եւ 8 բրոնզե մեդալներ են նվաճել: Մեծ Բրիտանիայի ցույց տված արդյունքներն անակնկալ են: Ենթադրվում էր, որ բրիտանացիները կպայքարեն 8-րդ հորիզոնականի համար, սակայն Մեծ Բրիտանիան հնարավորություն ունի գրավելու պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Ենթադրվում էր նաեւ, որ Ռուսաստանի հավաքականը կլինի լավագույն եռյակում, սակայն ռուսները առայժմ 8-րդ հորիզոնականում են: Ռուս մարզիկները 7 ոսկե մեդալի են արժանացել: Այս երկրի հավաքականը իր ակտիվում ունի նաեւ 13 արծաթե եւ14 բրոնզե մեդալներ:

Շարունակում է առաջադիմել Ուկրաինան, որն մեդալների քանակը հասցրել է 16-ի, որից 5-ը` ոսկե: Ուկրաինացիները խաղերի մեկնարկից առաջ 14-15-ին մեդալ էին ակնկալում, սակայն արդեն իսկ գերազանցվել են սպասելիքները: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հաջորդը Վրաստանի հավաքականն է 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալներով: Այս արդյունքով վրացիները 22-րդ հորիզոնականում են: 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով Ադրբեջանը 30-րդ հորիզոնականում է:

Հայաստանը 5 բրոնզե մեդալով 62-րդ տեղում է: Առաջադիմելու համար Հայաստանի օլիմպիական հավաքականին անհրաժեշտ է նվաճել միայն արծաթե կամ ոսկե մեդալ: Դեռ ասպարեզ պետք է դուրս գան 4 հայ մարզիկներ, սակայն նրանց շարքում ոսկե մեդալի ռեալ հավակնորդ չունենք:

Ներկայումս մեդալի են արժանացել 69 երկրների ներկայացուցիչներ: