ԿԱՄՈՒՍՆԱՆԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունների գնահատականներով օլիմպիական խաղերի մեկնարկի օրը՝ օգոստոսի 8-ին, քաղաքում տեղի կունենա շուրջ 6 հազար ամուսնություն: Շատերը արդեն «ապահովագրել» են իրենց տեղերը ԶԱԳՍ-երում, որպեսզի կարողանան ամուսանալ հենց օգոստոսի 8-ին: 2008 թվականի 8-րդ ամսվա 8-րդ օրը պատմական է չինացիների համար, քանի որ 8 թիվը Չինաստանում համարվում է ամենահաջողակ եւ հարուստություն բերող թիվը, իսկ օլիմպիական խաղերի հետ մեկտեղ օգոստոսի 8-ը դառնում է կրկնակի արժեքավոր: Հաշվի առնելով ԶԱԳՍ-երում ստացավ աննախադեպ մեծ թվով հայտերը, Շանհայի իշխանությունները, որոշել են օգոստոսի 8-ին աշխատել սովորականից մոտ 2 անգամ ավելին: ԶԱԳՍ-երը կբացվեն արդեն առավոտյան 7-ից եւ կսպասարկեն մինչեւ ուշ գիշեր: Թեեւ օլիմպիական խաղերի իրավունք ստացել է Պեկինը, սակայն որոշ մրցումներ կանցկացվեն նաեւ Շանհայում:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
Ուկրաինայի օլիմպիական հավաքականը, որը կազմված է 254 մարզիկներից, աստիճանաբար ժամանում է Պեկին: Ուկրաինացիները նախորդ խաղերին նվաճել են 23 մեդալ, սակայն Պեկինում այս ցուցանիշը կրկնելը գերազանց արդյունք կհամարվի: Ուկրաինացիները գտնում են, որ առաջիկա խաղերում առավելագույն 15 մեդալ հնարավոր կլինի նվաճել, քանի որ վերջին տարիներին կայացած Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում այս երկրի ներկայացուցիչները այնքան էլ հաջող հանդես չեն եկել: Ուկրաինայում մեդալներ են ակնկալում ըմբշամարտում, ատլետիկայում, սուսերամարտում, թենիսում: Թենիսում Ուկրաինայի հույսը Ալյոնա եւ Եկատերինա Բոնդարենկոններն են, որոնք զուգախաղերում ոսկե մեդալ են նվաճել 2004թ. Աթենքում կայացած խաղերի ընթացքում, իսկ 2000թ. խաղերում դարձել են բրոնզե մեդալակիրներ:
ՇՈՐԹԵԼ ԵՆ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Խաբեբաները 50 մլն դոլար եկամուտ են ստացել Ինտերնետով օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի իմիտացիա ստեղծելով: Վերջին ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում մի քանի հազար մարդ է խաբվել, հավատալով այն հայտարարություններին, թե իբր վաճառվում են օլիմպիական խաղերի տոմսեր: Շատերը հավատացել են հատկապես բացման արարողությանը վերաբերվող հայտարարություններին եւ շտապել վճարել կլորիկ գումար: Խաբվածներից մեկը նույնիսկ 60 հազար դոլար է կորցրել, հավատալով սուտ հայտարարությանը:
ՕԼԻՄՊԻԱԴԱ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ
Գերմանացի թենիսիստ Ռայներ Շուտլերը մտադիր է դիմել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան (CAS), եթե Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլ չտա նրան մասնակցել առաջիկա օլիմպիական խաղերին: «Ուիմբլդոն-2008»-ի կիսաեզրափակիչի մասնակիցը արդեն խորհրդակցել է CAS-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ստացել Գերմանիայի օլիմպիական սպորտային միության աջակցությունը: Շուտլերի կարծիքով նա ավելի շատ է արժանի օլիմպիադային մասնակցելուն, քան մի շարք թենիսիստներ, որոնք վարկանիշային աղյուսակում նրանից ավելի ցածր հորիզոնականներում են գտնվում:
ITF-ի կանոների համաձայն օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում այն թենիսիստները, որոնք վարկանիշային աղյուսակում գտնվում են առաջին 56 հորիզոնականներում: Թենիսիստների հրաժարվելու դեպքում նրանց տեղը զբաղեցնում են «սպասողների ցանկում» գտնվողները: Ներկայումս Շուտլերը գտնվում է 89-րդ հորիզոնականում եւ ըստ ITF-ի ներկայացուցիչի առնվազն 2 օլիմպիադայի մասնակից պետք է հրաժարվի Պեկին մեկնելուց, որպեսզի գերմանացին նման հնարավորություն ստանա: