Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿԻՆԸ ԱԹԵՆՔ ՉԷ

Սպորտ

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն նշել է, որ առաջիկա օլիմպիական խաղերը անհամեմատ լավ են կազմակերպված քան 2004թ. Աթենքում կայացած խաղերը:

«Իրավիճակը լրիվ այլ է: Այսօրվա դրությամբ մենք որեւէ խնդիր չունենք կազմակերպչական առումով: Մենք չենք զղջում, որ Չինաստանին ենք վստահել անցկացնել խաղերը: Խաղերի առաջին իսկ օրվանից կզագցվի նրանց կազմակերպչական առավելությունը», - ասել է Ռոգեն:

Օլիմպիական 3 խաղերի կազմակերպչական աշխատանքների մասնակցած Ռոգեն ընդգծել է, որ Պեկինում հատկապես տպավորիչ է օլիմպիական ավանը. «Այդպիսի բան ես չեմ տեսել: Այս ավանը շատ հարմարավետ է մասնակիցների համար: Ցավում եմ միայն, որ ինտերնետի հետ կապված խնդիրներ կան: Որոշ կայքեր արգելափակված են Չինաստանում, սակայն մենք պատասխանատվություն չենք կրում այս կապակցությամբ: Դա Չինաստանի իշխանությունների խնդիրն է եւ նրանք խոսք են տվել կարգավորել այն»:

ՄՕԿ-ի նախագահը հույս է հայտնել, որ խաղերի մասնակից մարզիկները զերծ կմնան քաղաքական հայացքներ արտահայտելուց եւ եթե նման ցանկություն ունենան, ապա դա կանեն օլիմպիական կառույցներից դուրս. «Եթե մենք թույլ տանք քաղաքականությամբ պրոպագանդում, ապա Օլիմպիադայում եւ օլիմպիական ավանում առկա ներադաշնակությունը անմիջապես կվերանա»:

ՏՈՄՍ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Շուրջ 160 հազար անձինք ներկա կգտնվեն 2008թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը կկայանա Պեկինի «Թռչնի բույն» մարզադաշտում առաջիկա ուրբաթ օրը: Ըստ կազմակերպիչների ` մարզադաշտում ներկա կգտնվեն 90 հազար հանդիսականներ, իսկ եւս 70 հազարը կլինեն ներկայացման մասնակիցները, հյուրերը, մասնակիցն երկրները: Բացման արարողության փորձերի ընթացքում արդեն իսկ փորձարկվել են բոլոր հնարավոր տարբերակները, եւ կազմակերպիչները համոզվել են, որ 160 հազար անձանց դեպքում որեւէ անհարմարություն մարզադաշտում չի առաջանա: Բացման արարողության մեկնարկից չորս ժամ առաջ արդեն մարզադաշտի դարպասները բաց կլինեն:

Թեեւ տոմսերը արդեն սպառվել են, սակայն հազարավոր մարզասերներ դեռ շարունակում են տոմս փնտրել եւ հույս ունեն, որ օգոստոսի ութին սեւ շուկայում կհաջողվի գնել տոմսեր:

ՖԱՎՈՐԻՏՆԵՐ ՉԿԱՆ

Ռուս ըմբիշ Հասան Բարոեւը, որը հունա-հռոմեական ոճում 120կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոնն է, գտնում է, որ այս քաշային կարգում ընդգծված ֆավորիտներ չկան:

120կգ քաշայինների պայքարում հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Յուրի Պատրիկեեւը, որը Եվրոպայի 2008թ. առաջնության եզրափակիչում պարտության է մատնել հենց Բարոեւին:

«Դժվար է ասել, թե ով է գլխավոր ֆավորիտը: Բացի Պատրիկեեւից եւ կուբացի Լոպեսից խաղերին մասնակցում է նաեւ հունգարացի Բարդոշը, բելառուս Չուգոշվիլին, ամերիկացի Բայերսը: Կհաղթեմ, թե ոչ, դա կախված է ինձանից», - ասել է Բարոեւը:

120կգ քաշայինների պայքարում մասնագետները ֆավորիտ են համարում կուբացի Միջաիլ Լոպեսին, որին հաջորդում են Բարոեւը եւ Պատրիկեեւը: