Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՎԱՌԻ ԿՐԱԿԸ

Սպորտ

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակը կվառի հսկայական փյունիկ թռչունը, որը կիջնի գավաթի վրա: Չինացիները այս կերպ ցանկացել են ինքնատիպ ներկայացում ցույց տալ եւ զարմացնել աշխարհին:

Սակայն սցենարի մասին տեղեկությունները աստիճանաբար տարածվում են աշխարհով մեկ: Մի շարք ԶԼՄ-ների արդեն հայտնի է դարձել, թե չինացիները ինչ են նախապատրաստել բացման արարողության ժամանակ: «Թռչնի բույն» մարզադաշտում օգոստոսի 8-ին կայանալիք արարողությանը փորձերին ամեն օր մասնակցում է մի քանի հազար մարդ: Չինացիները առայժմ պատկերացում անգամ չունեն, թե նրանցից ով է տեղեկատվության արտահոսք տալիս:

ԵՎՍ 2-Ը

Աստիճանաբար ի հայտ են գալիս այն մարզիկների անունները, որոնք իրավունք չեն ունենալու մասնակել Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին: Նման բախտի են արժանացել նաեւ ռումինացի 2 վազորդուհիներ, որոնց արյան մեջ հեմոգլոբինի քանակը չափից շատ է եղել: Ռումինիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Օկտավիան Մորարիուն հայտարարել է, որ մարզուհիները նաեւ 2-րդ տեստը կհանձնեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ նրանք չեն մեկնի Պեկին: Ավելի վաղը ռումինացի վազորդուհի Լիլիանա Պոպեսկուն, որը 1500մ տարածությունում համարվում էր ֆավորիտ, զրկվել էր օլիմպիական խաղերից մասնակցելու իրավունքից:

ՌՈՒՍՆԵՐԸ ԿՀԵՏԱՔՆՆԵՆ

Ռուսաստանի սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հարցերով նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ամեն ինչ կարվի որակազրկված ռուս մարզուհիների գործով անկախ հետաքննություն սկսելու համար:

Մուտկոն գտնում է, որ այս գործում մի շարք կասկածելի հանգամանքներ կան. «Չեմ հիշում այդպիսի մի դեպք, երբ խաղերի մեկնարկից 1 շաբաթ առաջ մեդալի հավակնորդ մի շարք մարզուհիների վերցնեն եւ որակազրկեն` նշելով թե նրանք 1 տարի առաջ արգելված խթանիչներ են օգտագործել: Դժվար թե սա պատահականություն լինի: Պետք է հետաքննենք կատարվածը, եւ եթե իրոք մեր մարզուհիները մեղավոր են, ապա կպատժվեն: սակայն եթե օրենքի տառը չեն պահպանել Թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարները, ապա մենք նրանց հետ այլ ձեւով կխոսենք»: Մուտկոն նշել է նաեւ, որ չէր ցանկանա սկանդալի վերածել կատարվածը. «Օլիմպիական խաղերը պետք է հիշվեն, որպես սպորտի տոն»:

Որակազրկված մարզուհիներից Ելենա Սոբոլեւան հայտնել է, որ կատարվածը շոկի մեջ է գցել իրեն. «Սա մղձվանջ է, խոսքեր չկան: Ես եւ որակազրկված մյուս մարզուհիները կտրականատես դեմ ենք այս որոշմանը եւ չենք տեսնում, որեւէ հիմք մեզ որակազրկելու համար: Ստիպված ենք համակերպվել որոշման հետ: Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր մարզասերներից, որոնք մեզանից մեդալներ էին սպասում: Սակայն մենք ստիպված ենք անկախ մեր կամքից լքել խաղերը»:

ԱՌԱՆՑ ՄԱՇԱՅԻ

Աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Մարիա Շարապովան չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին առաջիկա օլիմպիական խաղերում: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ «Ռոջերս Քափ» մրցաշարում լեհ Մարտա Դոմախովսկայի հետ մրցամարտում ստացած վնասվածքը լուրջ է: Ուսի վնասվածքի պատճատով Շարապովան առաջիկայում չի կարողանա մասնակցել որեւէ մրցաշարի եւ խաղերի ընթացքին ստիպված կլինի հետեւել հեռուստացույցով: