Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Սպորտ

Օլիմպիական լրահոս

Կորեական հեռուստալիքներից մեկին հաջողվել է եթերում ցուցադրել դրվագներ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողության փորձից: Թեեւ կազմակերպիչները հույժ գաղտնի էին պահում բացման արարողության սցենարը, սակայն կորեացիներին հաջողվել է բացահայտել այն: Կադրերից կարելի է եզրակացնել, որ բացման արարողությունում ցուցադրական ելույթ են ունենալ քունգ-ֆու մարզաձեւի ներկայացուցչիները, ատլետներ, որոնց իրենց կարողությունները ցուցադրելու են երկրագնդի հսկայական մակետի շուրջ:

Չինաստանում այս կադրերը արդեն իսկ մեծ աղմուկ են բարձրացրել: Խաղերի կազմակերպիչները բացման արարողության բոլոր մասնակիցների հետ պայմանագիր էին կնքել, համաձայն որի նրանք պարտավորվում են պահպանել սցենարի գաղտնիությունը: Այժմ կազմակերպիչները փնտրում են մեղավորներին: Առաջին հերթին հետաքննությունը ընթանում անվտանգության աշխատակիցների շրջանում, որոնց անուշադրության հետեւանքով էլ նկարահանվել է արարողության փորձը:

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ԵՆ

Թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է վեց ռուս մարզուհիների, որոնց առաջիկայում չեն կարողանա մասնակցել որեւէ միջազգային մրցաշարի, այդ թվում առաջիկա օլիմպիական խաղերին: Որակազրկումը վերաբերվում է Ելենա Սոբոլեւային, Դարյա Պիշչալնիկովային, Գուլֆիա Խանաեւային, Տատյանա Տոմաշովային, Յուլիա Ֆոմենկոյին եւ Սվետլանա Չերկասովային:

Միջազգային ֆեդերացիան նրանց որակազրկել է դեռեւս 2007թ. անցկացված դոպինգ-տեստի արդյունքների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարզուհիները 2007թ. օգտագործել են արգելված խթանիչներ: Ռուսաստանի հավաքականում ընդգրկված բոլոր այս մարզուհիները մեդալի հավակնորդներ էին համարվում, իսկ Ելենա Սոբոլեւան վազքի 800 եւ 1500մ տարածությունում ոսկե մեդալի գլխավոր հավականորդն էր:

Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը կարող է եւս մեկ ծանր կորուստ ունենալ: Վնասվածք է ստացել հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան, որը կանանց մրցաշարի ֆավորիտներից մեկն է: Մարիան ուսի վնասվածք է ստացել եւ առայժմ հայտնի չէ, թե արդյոք կհասցնի վերականգնվել մինչեւ խաղերի մեկնարկը, թե՝ ոչ:

ՊԱՊԻԿՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Առաջիկա օլիմպիական խաղերում ամենատարեց մասնակիցները կլինեն ձիասպորտում: 60-ամյա ավստրալացի Լորի Լեւերը կլինի օլիմպիական խաղերում ամենատարեց նորամուտը նշող մարզիկը: Լորին ձիասպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանից, սակայն միայն այժմ է կարողացել գտնել ձի, որով կարող է պայքարել լավ արդյունքների համար: Սակայն, Լեվերը ամենատարեց մասնակիցը չէ առաջիկա խաղերում: 67-ամյա Հիրոշի Հոկետսյուն, որը 44 տարի առաջ նշել է իր նորամուտը Տոկիոյում կայացած խաղերի ընթացքում, վերադարձել Ճապոնիայի հավաքական եւ կդառնա մրցաշարի ամենատարեց մասնակիցը:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱՆ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հատուկ հոդված է թողարկել Պեկինում օլիմպիական խաղերը լուսաբանել պատրաստվող լրագրողների համար: Հոդվածում նշվում է, թե ինչպես պետք է օգտվել այն կայքերից, որոնք արգելափակվել են Չինաստանի տարածքում: Կազմակերպությունը նշում է, որ պետք է զգույշ լինել հեռախոսային զրույցների եւ էլեկտրոնային նամակագրության ժամանակ, քանի որ չինական իշխանությունների կողմից վերահսկողությունը չի բացառվում, թեեւ Չինաստանը պաշտոնապես հերքել է նման մտադրություն ունենալու մասին վարկածը: Հետաքրքիր է, որ այդ հոդվածի հետ կարող են ծանոթանալ այն լրագրողները, որոնք դեռ չեն մեկնել Չինաստան: Կայքը, որում գտնվում է հոդվածը, Չինաստանի տարածքում արգելափախված է: