ՊԱՉԱՋՅԱՆԸ` ԳԱԻՍ-Ի ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, հերթական հանդիպումներն են անցկացրել: Մեր ֆուտբոլիստներից ոմանք չեն ընդգրկվել հիմնական կազմերում:
Ռուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին»: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հաջող խաղն էլ չօգնեց «Խիմկիին» խուսափել պարտությունից 14-րդ տուրի «Տոմի» հետ մրցավեճում, որում Ռոմանի թիմը հյուրընկալվելիս զիջեց 1:3 հաշվով: 40-րդ րոպեին Բերեզովսկին կարողացավ ետ մղել Միչկովի իրացրած 11 մետրանոցը, սակայն երկրորդ փորձից մրցակցի հարձակվողին հաջողվեց գրավել դարպասը:
Մեկնարկեց Ուկրաինայի առաջնությունը, որի մեկնարկային տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Լվովի «Կարպատների» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը հանդիպմանը հայտավորված չէր, իսկ ահա Սամվել Մելքոնյանը «Մետալուրգի» կազմում փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին եւ բավական ակտիվ էր խաղադաշտում: Դրվագներից մեկում նա վտանգավոր հարված կատարեց, սակայն մրցակցի պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը: Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում անակնկալ է մատուցել «Լվովը»՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով չեմպիոն «Շախտյորին»: Իսկ ահա Կիեւի «Դինամոն» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Իլիչեւեցի» դարպասը:
Մեկնարկեց նաեւ Դանիայի առաջնությունը, որի առաջին տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» 3:1 հաշվով առավելության հասավ «Արխուս» թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականի պաշտպանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:
Շվեդիայի առաջնության 15-րդ տուրում Լեւոն Պարաջյանի ԳԱԻՍ-ը հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Սանդսվալի» հետ հանդիպմանը, իսկ նախորդ տուրում ԳԱԻՍ-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել էր «Լյունգսկիլին»: Ըստ շվեդական մամուլի` Լեւոն Պաչաջյանը դարձել է ԳԱԻՍ-ի անժխտելի առաջատարը եւ դժվար թե երկար մնա համեստ այս ակումբում: ԳԱԻՍ-ը 20 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարային աղյուսակը 32 միավարով գլխավորում է «Կալմարը»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը այսօր օրերին գտնվում է Ամստերդամում, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք «Այաքսը» հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրելու է այլ ակումբի: «Նեյմեգեն» ակումբի ղեկավարները հերքել են ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, թե Մանուչարյանը առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու այս ակումբում:
Այժմ Էդգար Մանուչարյանը «Այաքսի» երկրորդ թիմում է, որի կազմում օրերս նաեւ գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում: