Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 23-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լավատես է եւ գտնում է, որ իր սաները կարող են պատվով դուրս այս առաջիկա փորձությունից:

Առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Անորտոսիսին», թեեւ կարող էր ավելի խոշոր հաշվով պարտվել:

«Նախ նշեմ, որ հանդիպումից առաջ այդպես էլ մեզ չտրամադրեցին «Անորտոսիսի» մասնակցությամբ հանդիպման տեսագրություն եւ մենք մրցակցի մասին կարծիք էին կազմել միայն նրա ցույց տված արդյունքներից», - ասաց Վարդան Մինասյանը:

Հայաստանի չեմպիոնի մարզիչը խաղից առաջ ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել համարձակ գործել եւ արժանապատիվ խաղ ցուցադրել. «Ես ավելի հանգիստ պայմաններում դիտեցի հանդիպումը եւ պետք է ասեմ, որ առաջին կեսում վատ հանդես չեկանք եւ նույնիսկ գոլային ռեալ պահ ունեցանք: 2-րդ կեսում արդեն պատկերը այլ էր: Ընդհանուր առմամբ ` արդյունքը օրինաչափ էր եւ նույնիսկ ավելի խոշոր հաշիվ կարող էր գրանցվել»:

«Փյունիկի» կազմից որեւէ մեկին Մինասյանը չցանկացավ առանձնացնել, բայց ընդծեց, որ իր բարձրության վրա է եղել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը մի քանի դրվագներում փրկել է հայկական թիմին:

Խոսելով պատասխան հանդիպման մասին` Վարդան Մինասյանը խուսափեց կանխատեսումներից, նշելով որ հաղթանակի կարելի է հասնել նվիրվածության շնորհիվ. «Մրցակիցը իրոք բարձր կարգ ունի: 10-ի ավել լեգոներներ կան «Անորտոսիսի» կազմում, որոնց թվում` սերբ, հույն, ալբանացի ֆուտբոլիստներ: Բայց ես տղաներին ասել էի, որ եթե խաղային որակներով մրցակիցը ավելի բարձր կարգ ունի, ապա մենք նվիրվածությամբ պետք է գերազանցենք նրանց»:

Պատասխան խաղում Մինասյանը պատրաստվում է նաեւ որոշ փոփոխություններ կատարել. «Մենք արդեն ճանաչում ենք մրցակցին եւ հստակ պատկերացում ունենք նրա մասին: Բնականաբար մարտավարությունը այլ կլինի, քանի որ մեզ անհրաժեշտ է հաղթել: Պետք է ագրեսիվ խաղ ցուցադրենք: Բարեբախտաբար կազմի հետ կապված որեւէ խնդիր չունենք եւ բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են: Ուզում եմ, որ առաջիկա խաղին մարզադաշտ եկած ֆուտբոլասերները գոհ հեռանան մարզադաշտից»: