Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ

Սպորտ

Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջիկա օլիմպիական խաղերում կգոհացնի միայն ոսկե մեդալը: «Յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա 700 հազար դոլար պարգեւատրում», - այսօր օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Այս գումարից 20 մլն դրամը նախատեսված է պետբյուջեով: Եւս 10մլն դրամ կստանա չեմպիոնի մարզիչը: Իսկ ահա արծաթե եւ բրոնզե մեդալակիրները ավելի համեստ պարգեւատրումների կարժանան` պետությունից ստանալով համապատասխանաբար 15 եւ 10 մլն դրամ:

Ծառուկյանը ընդգծեց, որ մինչեւ օլիմպիական խաղերը հուսադրող ելույթներ են եղել. «Մենք կարողացել ենք Բաքվում բարձրացնել Հայաստանի դրոշը: Բաքվում մոտ 10 օր եղել է Հայաստանի 37 հոգանոց պատվիրակությունը եւ կարողացել հասնել հաջողության (ըմբշամարտ մարզաձեւում- խմբ.): Մենք կարողացել են թիմային պայքարում առաջ անցնել Ռուսաստանին(ծանրամարտում-խմբ)»:

Ծառուկյանը վստահեցրեց, որ արվել է հնարավոր ամեն ինչ հաջող ելույթների համար: Նույնիսկ Պեկին է ուղարկվել Հայաստանի ջուրը. «Ես արդեն 2 կոնտենյեր հայկական ջուր եմ ուղարկել, որպեսզի մեր մարզիկները այնտեղ հայկական ջուր խմեն»:

Օլիմպիական հավաքականին իրենց աջակցությունն էին ցուցաբերել Արամայիս Սահակյանը եւ Արա Գեւորգյանը, որոնց ջանքերով ստեղծվել էր Հայաստանի օլիմպիական հավաքականի օրհներգը, որը կատարում են Արամեն եւ Լեյլա Սարբիեկյանը: Օրհներգի տեսահոլովակի սկզբնամասում ցուցադրվում են ԽՍՀՄ-ի օրոք հայ մարզիկների ունեցած հաջողությունները օլիմպիական խաղերում: Աստիճանաբար մոտենում են 1990-ականների մեր մարզիկների ունեցած հաջող ելույթները, իսկ ահա 21-րդ տարի հատվածում տեսահոլովակում հայտնվում են... շախմատի հավաքականի անդամները, թեեւ շախմատը ոչ մի կապ չունի օլիմպիական խաղերի հետ:

Հավանաբար, պատճառն այն է, որ Հայաստանը 2004թ. օլիմպիական խաղերում մեդալ չէր ունեցել եւ այս խաղերից կադրեր ընդգրկել հնարավոր չէր: Տեսահոլովակում մեծ տեղ էր հատկացվել նաեւ ըմբիշներին եւ ծանրորդներին, որոնց հաջող ելույթներ են ունեցել վերջին տարիներին կայացած Եվրոպայի առաջնություններում: