«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները դեռ հնարավորություն ունեն դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ, թեեւ առաջին փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին շվեյցարական «Բելինցոնային»:
«Կարծում եմ խաղի մարտավարությունը ճիշտ էր ընտրված: Հագեցրել էինք կենտրոնը, որպեսզի մրցակիցը չկարողանա գրոհներ կազմակերպել: Հենակետային կիսապաշտպաններն էլ ժամանակին օգնության էին հասնում խաղընկերներին եւ միաժամանակ մասնակցում գրոհներին», - ասաց Վարուժան Սուքիասյանը, որը պարտությունից հետո խիստ ընկճված էր եւ զայրացած: Նա գտնում է, որ «Արարատը» չպետք է պարտվեր այս խաղում. «Ողջ հանդիպման ընթացքում մեր պաշտպանությունը ընդամենը 1 սխալ թույլ տվեց, որը ավարտվեց դարպասի գրավումով: Դարպասապահը այդ դրվագում պարտավոր էր դուրս գալ տեղից եւ փրկել իրադրությունը: 2-րդ կեսում մենք կարող էինք հասնել հաջողության, բայց Արթուր Մինասյանը եւ Սարգիս Մովսիսյանը, հայտնվելով լավ դիրքերում, անհասկանալի պատճառներով փոխանցում կատարեցին կորցնելով պահը: Չեմ կարողանում հասնակալ, թե ինչու չօգտագործվեցին այդ պահերը, դա թողնում եմ այդ ֆուտբոլիստների խղճին»:
Սուքիասյանը անդրադարձավ նաեւ Մարկոսին, որը այս խաղում չարդարացրեց սպասելիքները. «Չեմ ուզում կտրուկ հայտարարություններ անել նրա հասցեին, ասեմ թե վատ է խաղում: Բայց, երբ գործակալները սկսեցին խոսել նրա տեղափոխվելու մասին, նրա խաղում ինչ-որ բան այն չէ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է պատճառը»:
Այժմ «Արարատը» նախապատրաստվելու է հուլիսի 31-ին Շվեյցարիայում կայանալիք պատասխան հանդիպմանը. «Ես հանդպումը ավարտված չեմ համարում: Դեռ հանդիպում պետք է անցկացնենք Բելինցոնայի հարկի տակ, որին ամենայն լրջությամբ են նախապատրաստվելու»:
«Բելինցոնայի» գլխավոր մարզիչ Մարկո Շալիբաումը գոհ էր, որ իր թիմը կարողացավ հաղթանակով նշել իր նորամուտը Եվրագավաթների խաղարկություններում. «Առաջին կեսում խփած գոլը շատ կարեւոր էր մեր թիմի համար: Դա վստահություն հաղորդեց մեր ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին ավելի կազմակերպված գործել: Մենք երկար ճանապարհ էինք անցել մինչեւ մրցավայր հասնելը եւ շատ կարեւոր է, որ հաղթեցինք այս խաղում, քանի որ Շվեյցարիայի առաջնությունում ընդմիջում է, եւ մեր ֆուտբոլիստները խաղային պրակտիկայից զրկված էին»:
Շալիբաումը հայտնեց, որ «Բելինցոնան» համագործակցում է իտալական ճանաչված ակումբների հետ. «Մեր թիմին օգնում են իտալական «Ռոման» եւ «Ուդինեզեն»: Մեզ մոտ կան 2-3 ֆուտբոլիստներ, որոնց հենց այդ ակումբներն են տրամադրել: Այն ֆուտբոլիստները, որոնք չեն համապատասխանում իտալական ակումբի մակարդակին, հայտնվում են «Բելինցոնայում», անցկացնում են մեկ մրցաշրջան, որից հետո պատահում է, որ վերադառնում են Իտալիա»:
Ի դեպ, «Բելինցոնայի» մարզիչը եւս գտնում է, որ խաղի ելքը դեռ վճռված չէ. «1:0 հաշիվը մեծ առավելություն չէ, որ մենք մեզ ապահով զգանք պատասխան հանդիպումից առաջ: «Արարատ» լավ թիմ է եւ մենք պատասխան խաղին նույնքան լրջությամբ ենք մոտենալու, որքան առաջինին»: